Կանաչապատ տարա՞ծք, թե՞ Նոյյան Տապան. բանավեճ
Հասարակություն
Այսօր քանդակագործ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ու Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը բանավիճում էին Հաղթանակ այգու տարածքում Նոյյան Տապանի կառուցման շուրջ:
Ըստ Տեր-Գուլանյանի և Կարեն Աղամյանի՝ Նոյյան Տապանի կառուցումից չի տուժի այգու կանաչապատ տարածքը: Ավելին, եթե այդտեղ չկառուցվի Նոյյան Տապանը, փոխարենը կկառուցվեն կարուսելներ, ակումբներ և որ ամենավատն է, հնարավոր է՝ թուրքերը իրագործեն նման ծրագիր ու կառուցեն Նոյյան Տապան:
«Եթե այստեղ չկառուցվի Նոյյան Տապանը, կկառուցվեն կարուսելներ, ակումբներ: Ավելի լավ է կառուցվի Նոյյան Տապանը: Պատկերացրեք՝ դիմացը Արարատն է, հետո Օպերայի շենքը, Մատենադարանը, Մատենադարանից վերև՝ ժայռերի մեջ խրված, ոչինչ չփչացնող, ոչինչ չծածկող Նոյյան Տապանը, իսկ Նոյյան Տապանից վերև՝ Մայր Հայաստանն՝ իր կիսահանված թրով: Արարատը մեր մեջ առաջացնում է անսահմանության զգացողություն, մեզ համար Արարատը փոխարինում է օվկիանոսը: Մեր թիկունքը դատարկ է։ Նոյյան Տապանը դեպի պատմություն գնացող անսահմանությունը կխորհրդանշի, Արարատը՝ դեպի առաջ գնացող վաղվա անսահմանությունը, իսկ Նոյյան Տապանը՝ դեպի անցյալ գնացող անսահմանությունը կխորհրդանշեն»,-նշեց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նրան հակադարձեց Հաղթանակ Շահումյանը և ասաց, որ Նոյյան Տապանի մասին առասպելը մի հեքիաթ է, որը նյութականացնել պետք չէ:
«Այն կդադարի հեքիաթ լինել և կկոտրի մարդկանց գեղեցիկ պատկերացումները տապանի մասին»,- ասաց նա:
«Ես գիտեմ՝ ամենաճիշտ տեղն Արարատի փեշերին է, որի հնարավորությունը մենք այսօր չունենք: Կգան սերունդներ, Արարատը մերը կլինի, կքանդեն-կտանեն այնտեղ», -ասաց Գուլանյանը և հավելեց, որ ազգագրական, ժողովրդագրական թանգարան է լինելու՝ «Գիլգամեշից» մինչև մեր օրերը, այդտեղ ամեն երեկո թատերական ներկայացումներ են լինելու:
Շահինյանն էլ հակադարձեց՝ ասելով. «Շնորհակալ եմ պրն Տեր-Գուլանյանին, որովհետև իր խոսքերը շատ մեծ կասկածի տակ դրեցին այդ նախաձեռնության իրականացումը, որովհետև ինքն ասաց՝ դե լավ, ոչինչ, թող անեն, հետո լավ կյանք կլինի, նոր սերունդը կքանդի, կվերցնի, կտանի Մասիսի գլխին կդնի: Այսինքն՝ դա կասկածելի մի նախաձեռնություն է, որն իսկապես իր տեղում չէ և պետք էլ չէ, որ լինի: Ես չգիտեմ՝ այս մարդիկ ինչպես են մտածում: Ես Երևանում եմ ծնվել, Երևանն ամբողջ բաղեր էր, ամբողջ Երևանի կենտրոնում այգիներ էին՝ մրգատու, առուներ էին գնում, մի հրաշալի քաղաք էր, մենք ինքներս սարքեցինք տափաստան, հիմա արդեն բլուրների վրայի ծառերն ենք ոչնչացնում…»:
Տեր-Գուլանյանը, դիմելով Շահումյանին և լրագրողներին, վրդովված ասաց. «Սիրելի՛ Հաղթանակ և լրագրողներ, դուք ո՞ւր էիք, երբ Golden Palace հյուրանոցը կառուցվում էր:Միայն մենք մինչև վերջ կանգնեցինք, և Քոչարյանի հետ իմ հարաբերությունները վերջնականապես փչացան»:
Ի պատասխան Տեր-Գուլանյանի Շահումյանը հակադարձեց. «Եթե փչացած լիներ, հանրային խորհրդում չէիր լինի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը