Դիպլոմով դերասան, ռեժիսոր կամ թատերագետ չեն դառնում. Հակոբ Ղազանչյան
Հասարակություն
Թատրոնում կան երիտասարդ տաղանդավոր անուններ, սակայն նրանց քիչ տեղ է տրվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: «Ստեղծվում է այն միջավայրը, որտեղ սկսում են ձևավորվել տաղանդավոր երիտասարդներ: Պատահական չէ, որ արդեն մի քանի տարի է՝ բավական հետաքրքիր երիտասարդական ներկայացումներ ենք ունենում: Կուզեի այդպիսի մարդկանց ավելի շատ տեղ տրվեր հեռուստատեսությամբ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք սերիալները վատ չեն անդրադառնում թատրոնի վրա, Հակոբ Ղազանչյանը պատասխանեց. «Սերիալներում նկարահանվող դերասանները չեն թաքցնում, որ պարզապես գումար են աշխատում ու էնտեղ լուրջ ստեղծագործություն չկա: Դիպլոմով դերասան, ռեժիսոր կամ թատերագետ չեն դառնում: Սակայն կան մարդիկ, ովքեր ընկնում են փառքի ետևից»,- նշեց Ղազանչյանը:
Հակոբ Ղազանչյանն անդրադարձավ նաև Սունդուկյանի անվան թատրոնին: Հիշեցնենք, որ Թատերական գործիչների միությունը առաջարկում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել Արմեն Էլբակյանին, սակայն Մշակույթի նախարարության որոշմամբ՝ գեղղեկավարն այժմ Տիգրան Գասպարյանն է: «Նրա դեմ ոչինչ չունեմ, վաղուց իրար գիտենք, բայց այսօր էլ գտնում եմ, որ թեկնածուն Արմեն Էլբակյանն էր: Դա թատերական գործիչների միության տեսակետն է, վարչության միաձայն ընդունած որոշումը: Միությունը միայն կարող է առաջարկել»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծագործական միություններին պետք է հատուկ կարգավիճակ շնորհվի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը