Դա հերյուրանք է. Մանկապարտեզի բարկացած տնօրենը մամուլի հրապարակման մասին
Հասարակություն
Այսօր «Երկիր» օրաթերթը տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրենը, ըստ իրենց տեղեկությունների, օրերս ծնողներին հատուկ հանձնարարական է տվել, որ մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծնող պարտավոր է տնօրենին ներկայացնել Աժ առաջիկա ընտրություններին՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկող 10 հոգու տվյալներ: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը Լուրեր.com-ը փորձեց ճշտել մանկապարտեզի տնօրենից, ով առանց հարցը մինչև վերջ լսելու ասաց. «Ուշադիր լսեք իմ ասածը՝ ես առավոտից աշխատատեղ եմ մտել, բացել եմ, կարդացել եմ, ծիծաղել եմ: Այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ ես այդ հոդվածին չէի կարող վերաբերել: Այդ անլուրջ ասեկոսեին, ես ժամանակ չունեմ տրամադրելու, որովհետև ես այսօր 150 երեխաների ամենօրյա հոգսի տակ եմ՝ մեր բազում խնդիրներով, հրաշալի անելիքներով: Երբ լուրեր են տարածում նույն 94 մանկապարտեզում հրաշալի միջոցառումների մասին, ինչո՞ւ մեր լրագրողները այդպես գեղեցիկ չեն արձագանքում: Ինչո՞ւ դուք՝ լրագրողներդ, ոչ մի անգամ չեք արձագանքում այն հրաշալի հոդվածների մասին, որոնք տալիս են իմ ծնողները, մարդիկ, ովքեր ներկա են լինում նման միջոցառումներին: Ինչո՞ւ չարձագանքեցիք, թե ինչպես են երեխաները գերազանց կերպ անկախության օր նշում, ինչո՞ւ չլուսաբանեցիք, երբ ձմեռային այն ծանր պայմաններում ողջ կոլեկտիվով և ծնողներով երեխաներին ճանապարհներ էինք բացում, և ամենամաքուր տարածքը մերն էր»:
Տնօրենը վրդովված խոսելով լրագրողների անտարբերության մասին, իրենց կատարած դրական աշխատանքներին չանդրադառնալուն, ավելացրեց. «Ակտիվորեն արձագանքեիք, երբ 2011-ի ապրիլին՝ փա՛ռք և պատի՛վ մեր նախկին քաղաքապետին, որը դարձյալ հանրապետական կուսակցության անդամ էր, բոլոր Երևան քաղաքի երեխաների մանկապարտեզ հաճախումը դարձրեց անվճար»:
Կրկին անդրադառնալով մամուլում հրապարակված նյութին, բարկացած տնօրենն ասաց. «Անգրագետ մեկի, տառասխալներով գրված նյութին արձագանք եք տալիս: Եթե դուք լրագրող եք, ես մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան եմ, ով և՛ խոսել գիտի, և՛ գրել գիտի: Տվյալ հոդվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, դա հերյուրանք է: Բայց ինձ դա չի հուզում, ինձ հուզում է այն, որ առավոտյան ժամը 9-ից ինձ խանգարում են աշխատել»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը