Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կնշեր իր 62-ամյակը: Նավասարդյանը ծնվել է 1950 թվականի մարտի 28-ին: Տասնութ տարեկանից ընդգրկվել է ազգային-ազատագրական պայքարի մեջ՝ 1968-ից անդամագրվել ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությանը (ԱՄԿ)։ 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
Լինելով Նժդեհի Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիր1969-ից սկսած խորհրդային իշխանությունների կողմից երեք անգամ դատապարտվել է ազատազրկման՝ շուրջ 12 տարի անցկացնելով բանտերում։ 1987-ից, շարունակել է քաղաքական պայքարը և 1988-ի ազատամարտի առաջին իսկ օրերից հայտնվել իրադարձությունների կիզակետում։
1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» կազմակերպությունը, որը մասնակցել է Արցախի ազատագրության համար մղված մարտերին՝ Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի: Նավասարդյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։
1990-ին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին, եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ, իսկ 1995-ից եղել է ԱԺ պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։
Քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը