Բոստանջյանը չի բացառում ԲՀԿ–ից դուրս գալը
Հասարակություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Լուրեր.com-ի հետ զրույցում, չհերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե խորհրդարանական ընտրություններից հետո կլքի կուսակցության շարքերը։ «Պարզապես ես այդ մասին չեմ մտածել։ Ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբերաբար և ժամանակին», – ասաց Բոստանջյանը։
Իսկ լրագրողի այն հարցին, թե կարելի է արդյոք դրանից ենթադրել, որ նա հնարավոր է համարում կուսակցության շարքերը լքելը, վերջինս պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ոչ մի անհնար բան չկա աշխարհում»։
Պատգամավորը անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Վարդան Բոստանջյանի նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը և կուսակցության համամասնական ցուցակում չընդգրկվելը կապված է նրա այն պնդման հետ, թե կուսակցությունը նախագահական ընտրություններին կսատարի Սերժ Սարգսյանին, ինչի պատճառով Ռոբերտ Քոչարյանը ցուցակից ջնջել է Բոստանջյանի անունը։
«Դե ես դա կարդացել եմ, բայց չեմ ուզում մտածել, որ այդպես կարող է լինել։ Կարծում եմ՝ դրանք ուղղակի խոսակցություններ են», – այդ կապակցությամբ նշեց նա։
Անդրադառնալով կուսակցության համալրմանը նոր անդամներով, որոնք նախկինում ԲՀԿ–ի հասցեին բացասական գնահատականներ են հնչեցրել, և այդ մարդկանց ցուցակի առաջատար հորիզոնականներ զբաղեցնելուն, Բոստանջյանը նշեց, թե դրա վերաբերյալ ավելի ամբողջական պատասխան կարող է տալ կուսակցության նախագահը։
Իսկ իր անձնական կարծիքը Բոստանջյանը չցանկացավ հայտնել։ «Ես պարզապես չեմ ուզում իմ տեսակետը արտահայտել դրա վերաբերյալ», – ասաց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը