Երաշխավոր կանգնե՛ք «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճռի իրականացմանը. Մաշտոցի պուրակի ակտիվիստներ
Հասարակություն
Սույն թվականի մարտի 8-ին Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիները, ղեկավարվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, ձևավորեցին «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»: Քաղաքացիական դատարանը մարտի 17-ի վճռով պահանջ ներկայացրեց Երևանի Քաղաքապետարանին 10-օրյա ժամկետում պուրակը բարեկարգել, ապամոնտաժել տաղավարները և տարածքը օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Քաղաքապետարանից արձագանք չեղավ:
Ընդունելով «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» հեղինակությունը, վստահելով դրա անկախությանն ու անկողմնակալությանը, իրավական եզրակացության և վճռի հիմնավորվածությանը՝ Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներից անկախ ձևավորվել է քաղաքացիների մի խումբ (հետայսու՝ բրիգադ), որը պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցներով ապամոնտաժել Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարները: Բրիգադում ներգրաված են գիտության, մշակույթի, լրատվության, քաղաքագիտության ոլորտների գործիչներ, Արցախյան շարժման և պատերազմի մասնակիցներ։
Ապամոնտաժող բրիգադը նախատեսել է իրականացնել ապամոնտաժումը մարտի 31-ին՝ շաբաթ օրը, ժամը 13:00-ին, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց հասարակական կարգը խախտելու և սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։
Բրիգադը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրինությանը պատշաճ ծանուցել է իրեն պատկանող, բայց անօրիական ձևով կառուցված տաղավարների ապամոնտաժման մասին: Նամակ է ուղարկել նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ապամոնտաժման ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Ելնելով այն հանգամանքից, որ դատական ակտի կատարման գործընթացին իրավունք ունեն մասնակցելու պահանջատերերը, ովքեր տվյալ դեպքում հանդիսանում են Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիները՝ հրավիրում ենք բոլորին ականատես լինելու ապամոնտաժման գործողությանը: Ապամոնտաժումը իրականացնելու են բացառապես բրիգադի անդամները, ուստի ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ՉՄԻՋԱՄՏԵԼ գործողություններին և չենթարկվել որևէ սադրանքի: Կանխավ հայտարարում ենք, որ որևէ սադրիչ կամ բռնի գործողություն կատարողները կապ չունեն բրիգադի և պուրակի համար պայքարող քաղաքացիների հետ: Կոչ ենք անում բոլորին անպայման ներկա լինել ապամոնտաժման գործողությանը՝ խաղաղ պայքարի միջոցներով աջակցելով բրիգադին:
Որպես ՀՀ քաղաքացիներ՝ երաշխավոր կանգնեք «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճռի իրականացմանը:
Մաշտոցի պուրակի ակտիվիստներ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը