Բաց նամակ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի դեսպանին
Հասարակություն
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին
Բաց նամակ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ
Մեծարգո դեսպան,
Հաշվի առնելով, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու կայացումը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Նախ, թույլ տվեք մեր անհամաձայնությունը հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից հրապարակային ելույթների ժամանակ Մաշտոցի պուրակում ոստիկանության գործողություններին տրված գնահատականներին: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես՝ պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից՝ ոտնահարելով խաղաղ միջոցառումների մասնակիցների հիմնարար իրավունքները: Այս մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, ինչպես նաև մեր նախաձեռնությունների հայտարարություններում, իսկ ս. թ. մարտի 14-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ մենք հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հետևելով այս առնչությամբ ԵԱՀԿ գրասենյակի արձագանքներին՝ գտնում ենք, որ տեղի ունեցած մարդու իրավունքների և ազատությունների խախտումները ԵԱՀԿ-ի կողմից համարժեք չեն գնահատվել և դատապարտվել: Ընդհակառակը, փորձ է արվում արդարացնելու ՀՀ Ոստիկանության անօրինականությունները:
Ձեզ և կազմակերպության մյուս կառույցներին ու ներկայացուցիչներին կոչ ենք անում վերանայել այն արատավոր պրակտիկան, երբ կազմակերպության առանձին կառույցներ կամ ներկայացուցիչներ, անհամարժեք և անզգույշ հայտարարություններ անելով կամ որոշումներ ընդունելով, խթան են հանդիսանում, որպեսզի ուժային կառույցները բռնություն գործադրեն հասարակության անդամների նկատմամբ: Այդպես եղավ 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո, երբ ԺՀՄԻԳ-ի առաջին նախնական զեկույցը խթան հանդիսացավ անհամաչափ ուժ կիրառելու համար, ինչը հանգեցրեց աղետալի հետևանքների: Դրա համար ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ունի պատասխանատվության իր բաժինը:
Ձեր գլխավորած գրասենյակն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր ծրագրեր է իրականացնում ոստիկանության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ՝ նպատակ ունենալով բարելավելու այդ կառույցների աշխատակիցների մասնագիտական ունակությունները և նպաստելու կառավարման ոլորտում աշխատակիցների որակական հատկանիշների բարձրացմանը: Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ծրագրերն արդյունավետ չեն և նշված երկու կառույցներն էլ ձախողել են հաշվետու և բաց կառավարման վերաբերյալ իրենցից ակնկալվող արդյունքները:
Ելնելով ԵԱՀԿ մանդատից՝ ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության և շրջակա միջավայրի վերաբերյալ հիմնախնդիրները պետք է անմիջականորեն քննարկվեն նաև քաղաքացիական հասարակության հետ:
Հարգանքով՝
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը