Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1930-ի ապրիլի 1-ին՝ Երևանում:
Խորեն Աբրահամյանը 1951-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում:
1979–84-ին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–95-ին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985–88-ին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–95-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Խորեն Աբրահամյանի թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով' Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն:
Աբրահամյանը նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զըսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը:
Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ:
Խորեն Աբրահամյանը Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Տեսարան «Հացավան» (ըստ Ն. Զարյանի) պիեսի բեմադրությունից,1980-ին Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Արտաշես Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները:
Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների (Մարսել Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն):
Խորեն Աբրահամյանը հայտնի էր նաև որպես ասմունքող:
Դերասանը մահացել է 2004-ի դեկտեմբերի 10-ին՝ Երևանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը