Մեր երկրի բնապահպանական գործընթացները լավագույն մասնագետների կարիք ունեն. Բնապահպանության նախարար
Հասարակություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանը և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր տնտեսագիտական համալսարանում ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով սկիզբ դրվեց «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի համատեղ իրականացմանը: Այս մասին ասված է ՀՊՏՀ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Յուրաքանչյուր գերատեսչություն պատվիրում է իր համար ամենապահանջված մասնագիտությունը: Բուհի համապատասխան ամբիոնի և տվյալ կառույցի հետ համատեղ քննարկվում ու բարեփոխվում են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, մագիստրոսական ատենախոսությունների թեմաները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ ներգրավվում են նախարարության համապատասխան մասնագիտական փորձառություն ունեցող աշխատակիցները»,- ասաց ռեկտոր Աթոյանը՝ ավելացնելով, որ բուհի ղեկավարությունը շատ է կարևորում իր ուսանողի, շրջանավարտի մասնագիտական ճակատագիրը և այսօրինակ ծրագրերով է նաև տեսնում խնդիրը լուծելու ճանապարհը: Այսպիսով՝ համագործակցության պայմանագրով դրվեց նոր, կարևոր ու նպատակային գործունեության սկիզբ:
«Մենք ուզում ենք հիմք դնել մի գործընթացի, որն իսկապես պահանջված է մեր տնտեսությունում և մեր երկրում գոյություն ունեցող էկոլոգիական խնդիրների կարգավորման գործում»,- իր խոսքում նշեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ մեր երկրի բնապահպանական գործընթացները լավագույն մասնագետների կարիք ունեն։ Նա այդ շարքում հատկապես կարևորեց բնապահպանության փորձաքննության մասնագետների դերը: Բնապահպանության նախարարը բուհին նվիրեց կենդանիների և բույսերի կարմիր գրքերի նոր հրատարակությունները։
Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը ողջունեց համագործակցող կողմերին և կարևորեց այն նախաձեռնությունները, որոնցով ժամանակի հրամայական պահանջները ստանում են արագ արձագանք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը