«Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնի փակումը՝ ապրիլի 3-ին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը ս. թ. ապրիլի 2-ից մայիսի 3-ը մայրաքաղաքի, մարզերի և ԼՂՀ 30 թատերախմբերի ու թատրոնների մասնակցությամբ անցկացնում է «Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնը:
Հավատարիմ մնալով «Թատրոն-X» փառատոնի արդեն ավանդական դարձած «Մշակութային միասնություն. բանավեճի փառատոն» նշանաբանին՝ այս տարի ևս յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենա բաց հրապարակային մասնագիտական քննարկում /փառատոնն ընդգրկում է նախորդ տարվա լավագույն բեմադրությունները, որոնց ընտրությունը կատարում են հենց իրենք՝ մասնակից թատրոնները/՝ կխոսվի խնդիրների, անելիքների ու նաև ձեռքբերումների մասին: Ներկայացումներին հաջորդող մասնագիտական քննարկումներից զատ մարզերում նախատեսվում են նաև տեղի ստեղծագործողների և ուսանողների մասնակցությամբ անցկացնել վարպետության դասեր ու կլոր սեղաններ:
«Թատրոն-X» 5-րդ հանրապետական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ապրիլի 2-ին՝ ժամը 17:00-ին: Ժամը 19:00-ին ներկայացումով հանդես կգա Թատերական գործիչների միության «Up» թատերախումբը /Ն. Վ. Գոգոլ՝ «Քիթը», բեմադրության հեղինակ՝ Սամսոն Մովսեսյան/: Փառատոնն իր աշխատանքները կեզրափակի մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին «Բոհեմ» թատերական ընկերության «Շեղշե լա ֆամ» ներկայացումով /բեմադրության հեղինակ՝ Նարեկ Դուրյան/: Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ մայիսի 3-ին, ժամը 21:00-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
ՀՀ մշակույթի նախարարությունում փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսին մասնակցեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, մասնագիտական հանձնախմբի ղեկավար Լևոն Մութաֆյանը, պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում