Բնապահպանների բաց նամակը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Հասարակություն
Բնապահպանները բաց նամակ են հղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Բաց նամակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար պարոն Տրայան Հրիսթեային Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ
Մեծարգո պարոն Հրիսթեա,
Եվրոպական միությունը արժեքավոր գործունեություն է իրականացնում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման եւ ամրապնդման, խաղաղ հավաքների ազատության, միջմարդկային հարաբերությունների զարգացման, տնտեսության եւ շրջակա միջավայրի բարելավման համար: Պատվիրակության հիմնական նպատակն է շարունակել սերտ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ իշխանություների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ:
Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երեւանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես' պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից' ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:
Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձեւակերպել է Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն' Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:
Չնայած Թեղուտի հանքավայրի շահագործման հետեւանքով մեծ է նաեւ անդրսահմանային վնասակար ազդեցության ռիսկը' անդրսահմանային ազդեցության փորձաքննություն չի իրականացվել: Հայաստանը վավերացրել է անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին կոնվենցիային կից շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման արձանագրությունը, սակայն որեւէ գործնական քայլ չի իրականացվել կոնվենցիան կենսագործելու ուղղությամբ ոչ օրենսդրական, եւ ոչ էլ վարչարարության տիրույթներում:
Մեծարգո պարոն Հրիսթեա,
ակնկալում ենք Ձեր գործուն մասնակցությունը Հայաստանում ԵՄ-ի մանդատից բխող առաքելության իրականացման համար' նպատակ ունենալով աջակցել քաղաքացիական հասարակության կայուն ինստիտուտների ձեւավորմանն ու ամրապնդմանը, ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ:
Առաջարկությունների կամ հարցադրումների համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով. [email protected]
Հարգանքով՝
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
“Մեր քաղաքը” հանրային-քաղաքացիական նախաձեռնություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը