Մենք ապացուցեցինք, որ 10 հոգու խոսքը կարող է ապակայունացնել ամբողջ համակարգը. Տիգրան Խզմալյան
Հասարակություն
«Մենք հասկանում ենք մամուլի շտապողությունը, բայց մենք նպատակ ունենք, ոչ թե հիացնել մամուլին, այլ ապամոնտաժել և՛ կրպակները, և՛ անօրինականությունները երկրում»,- այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ հայտարարված վերջնաժամկետի սպառումից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկել:
Հիշեցնենք, որ երեկ Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող առաջին խումբը հայտարարություն էր տարածել հետևյալ բովանդակությամբ.
«Ապրիլի 3-ին ժամը 13։00-ին լրանում է այս հարցում իրավասու պետական մարմնին հայտնաբերելու համար Հայաստանի իշխանություններին տրամադրված ողջամիտ ժամկետը։ Եթե մինչև նշված ժամկետի լրանալը ոչ մի իրավասու պետական մարմին ի հայտ չգա, մենք կհամարենք, որ հանրության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը վերջնականապես մերժված է իշխանությունների կողմից»:
Տիգրան Խզմալյանն ասաց, որ այսօր բոլոր բրիգադները հավաքվել են և վերլուծել իրավիճակը:
«Այնտեղ բավականաչափ մեծ թվով մտավորականներ կան, քաղաքագետներ, բոլորն ունեն նկատառումներ, ընդունվել է առաջիկա գործողությունների ծրագիր»,-ասաց Խզմալյանը:
«Թե ո՞րն է առաջիկա գործողությունների ծրագիրը» հարցին նա պատասխանեց, որ իրենց գործողությունները նույնն են. «Մենք ընդամենը քննարկում ենք նպատակին հասնելու տարբեր միջոցներ: Մենք քայլ առ քայլ սպառում ենք այն միջոցները, որոնք մեր առջև դրվում են որպես խոչընդոտ, որպես ծուղակ, որպես հնարավոր ուղի, այլընտրանք և այլն: Ուստի մեզ հաջողվեց ցույց տալ ողջ աշխարհին, այս համակարգին և հասարակությանը, որ օրինակ Մարդու իրավունքների պաշտպանը, որը նշանակվում է նախագահի կողմից, ոչ մի հեղինակություն չի ներկայացնում փոխոստիկանապետի համար: Մենք ցույց տվեցինք, որ 10 խաղաղ բնակչի դիմաց բերվում է մեկ բատալիոն՝ շուրջ 300 սաղավարտներով, «կարմիր բերետավորներով» ոստիկանություն: Մենք ապացուցեցինք, որ 10 հոգու խոսքը կարող է ապակայունացնել ամբողջ համակարգը: Բայց նախ և առաջ մենք դա իրենց ենք ուզում ցույց տալ, որպեսզի նրանք էլ հասկանան, որ ժողովրդի դեմ՝ անգամ 10 հոգու դեմ անիմաստ է գործել, իսկ մենք 10 չենք, մենք հերթագրում ենք մարդկանց, և ես հուսով եմ, որ մեր թիվը շարունակելու է ավելանալ»,-ասաց Խզմալյանը:
«Սարդարապատ» շարժման անդամը, խոսելով կրպակների ապամոնտաժման մասին, ասաց, որ իրենք բնականաբար շարունակում են գործողությունները, որոնք կոչվում են ապամոնտաժում, և հավելեց. «Մի քանի երկաթ պոկելը կոչվում է ապամոնտաժում: Բայց մենք հիմա շարունակում ենք ոչ թե ֆիզիկապես ապամոնտաժել, այլ քայլ առ քայլ ենք աշխատում: Մենք չենք ասում վերամբարձ բաներ, մենք նաև ֆիզիկապես ենք ապամոնտաժելու, դրանում կասկած չկա»:
Իսկ թե ո՞րն է լինելու Մաշտոցի պուրակի ակտիվիստների հաջորդ քայլը Խզմալյանն ասաց. «Մենք շարունակելու ենք ապամոնտաժման մեր աշխատանքները: Չեմ կարող բոլոր գործողությունները հրապարակել մամուլում, դա պարկեշտությանը դեմ է: Մենք որոշումները միասին ենք ընդունում և ես միայնակ իրավասու չեմ հայտարարություններ անել այդ մասին, բայց մենք մեր քայլերի մասին տեղյակ ենք պահում ոստիկանությանը, իսկ նրանք շատ ցավալի են ընդունում մամուլի ներկայությունը, բայց մամուլը ի վերջո տեղյակ է լինում ամեն ինչից»:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը