Այսօր Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Ստեփանի Աղայանի ծննդյան օրն է: Ծնվել է1840-ի ապրիլի 4-ին, Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում, որն այժմ գտնվում է Վրաստանում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա՝ Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։
1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց: Աշխատել է որպես գրաշար՝ Թիփլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։
1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում, եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։
Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույց՝ը դարձել է 1869-ի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «Խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։
Ղազարոս Աղայանը բազմաժանր գրող է եղել։ Առաջին տպագիր գործն է «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը: Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղափարին։ «Անահիտ»–ը հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։ Նրա գրչին են պատկանում նաև «Արություն և Մանվելը», «Երկու քույրը», «Տորք Անգեղը», «Քյորօղլուն» և այլն:
Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։
Այս օրն են ծնվել նաև հայ ազատամարտիկ Սերոբ Ավագյանը, անգլիացի գրող Թոմաս Մայն Ռիդը, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին, ռուս երգահան Իլյա Ռեզնիկը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը