Մեր գործողությունները հանրության ուշադրությունը գրավելու միջոց են. Տիգրան Խզմալյան
Հասարակություն
«Դա միանգամայն ճիշտ է: Դա հանրության ուշադրությունը գրավելու միջոց է, նա չի սխալվում»,- Լուրեր.com-ի հետ զրույցում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը այսպես մեկնաբանեց փոխգնդապետ Արմեն Մովսիսյանի՝ այսօր Մաշտոցի պուրակում արված հայտարարությունը:
Այսօր Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադները կատարել են չափագրման աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում բրիգադի անդամներ Արմեն Հովհաննիսյանին, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանին և բրիգադի համակարգող Անդրեաս Ղուկասյանին հաջողվել է ոստիաններին շրջանցելով մտնել բուտիկներ, սակայն ոստիկանները նրանց հրմշտելով հանել են բուտիկներից:
Լրագրողների հարցադրումներին ի պատասխան փոխգնդապետ Արմեն Մովսիսյանն ասել է, թե «սա շոու է, որի նպատակն է հանրության ուշադրությունը գրավել»:
Խզմալյանը նշեց, որ իրենք ներկայացնում են հենց հանրությանը:
«Մենք ներկայացնում ենք այն հանրությունը, որին մեկուկես տասնամյակ կեղեքում են, որի սեփականության վրա թքում են, որի արժանապատվությունն են ոտնահարում և որի պետական անկախությունը և պետականությունը մաս-մաս վաճառում են: Այնպես որ, փոխգնդապետը միանգամայն իրավացի է: Բայց, գիտե՞ք, հատկապես հետաքրքիր է այն, որ իրենք դա անվանում են շոու: 10-20 խաղաղ քաղաքացիների դեմ բերում են մի քանի հարյուր ոստիկաններ։ Դրանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է այդ ամենը շոու դարձնում, իրե՞նք, թե՞ մենք: Մենք շատ պարզ ձևակերպեցինք մեր պահաջները և մեր նպատակը, մենք պնդելու ենք մեր պահանջները և հասնելու ենք մեր նպատակին»,- ասաց նա:
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ Խզմալյանը նշեց, որ իրենք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չունեն իրենց ձերբակալելու օրինական հիմքեր:
«Անգամ չկարողացան ձերբակալել: Սպառնում էին, բայց չկարողացան: Մենք իրենց տվեցինք այդ հնարավորությունը, ասացինք՝ եթե դուք համարում եք, որ կա օրենքի խախտում, որ դուք ճիշտ եք, իսկ մենք՝ սխալ, այդ դեպքում համարեք մեզ հանցագործ և ձերբակալեք»,- նշեց Տիգրան Խզմալյանը և հավելեց, որ իրենք ոստիկանության հետ խնդիր չունեն:
«Մեր խնդիրը նրանց ուղարկող մարդկանց հետ է»,-ասաց նա:
Տիգրան Խզմալյանը նաև անդրադարձավ Մաշտոցի պուրակում արած իր հայտարարությանը և նշեց, որ ինքը զգուշացրել է ոստիկաններին, թե այս պահին իրենք գործ ունեն կրթված մարդկանց հետ, բայց եթե շարունակեն ապօրինությունները, գործ կունենան մարդկանց հետ, որոնք բարեկիրթ չեն գտնվի:
«Մեր մեջ կան գիտությունների թեկնածուներ, արվեստագետներ, իրավաբաններ, բայց եթե դուք փորձելու եք շարունակել ձեր անօրինականոթյունները, դուք գործ կունենաք մարդկանց հետ, որոնք բարեկիրթ չեն գտնվի, ձեզ չեն զգուշացնի՝ ինչ են անելու և որոնք ձեզ համար շատ ավելի սարսափելի միջոցների կդիմեն, ինչպես դա կատարվեց վերջին տարիների ընթացքում շատ ու շատ երկրներում: Ես հատկապես ընդգծեցի Լիբիայի, Եգիպտոսի և այլ, մեր երկրից ոչ հեռու գտնվող երկրների օրինակները: Եթե զավթիչների, կեղեքիչների ռեժիմը իշխում է այսօր Հայաստանում և ուզում է հասնել նրան, ինչ եղավ մյուս երկրներում, նա կստանա դա: Մենք ահազանգ ենք արել»,- ասաց «Սարդարապատ» շարժման անդամը և հավելեց, որ եթե ապիկարության, անգրագիտության պատճառով ռեժիմը չկարողանա շտկել իրավիճակը, դա միայն այն բանի պատճառով է, որ իրենք բացի Հ1-ից, Հ2-ից այլ հեռոստատեսություն չեն նայում:
«Իրենք այնքան են կտրվել իրականությունից, որ շուտով այդ իրականությունը կթակի իրենց դուռը, և նրանց կքշի շատ ավելի դաժան միջոցներով»,- եզրափակեց Խզմալյանը:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը