9 հրշեջ-փրկարարներ դրամական պարգևներ ստացան
Հասարակություն
Ապրիլի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ այցելեցին Շիրակի մարզ։
Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի դահլիճում ԱԻ նախարար Ա. Երիցյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար կատարելու և ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար դրամական պարգևներ հանձնեց Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի 9 հրշեջ-փրկարարների։
Մարտի 18-ին Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատն Աղվորիկ գյուղի մերձակայքում օգնության էր հասել և ձնաբքից դուրս բերել հղի կնոջը հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենան։ Նույն օրը Ծաղկուտ գյուղի մոտ ջոկատի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել ձնաբքի մեջ մնացած հիվանդ երեխային և նրան հիվանդանոց տեղափոխող ծնողներին։
«Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը կատարում է իր առջև դրված խնդիրները, սակայն, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ ունենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետարանին աջակցության և համագործակցության համար։ Մեր հրշեջ-փրկարարներն իրենց աշխատանքը կատարելիս մշտապես զգում են և մարզպետարանի, և մարզի ժողովրդի աջակցությունը։
Այս տարվա ընթացքում նախատեսում ենք մարզերի գյուղերում, հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ ստեղծել, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունավետ և օպերատիվ արձագանքմանը, և այս հարցում ևս ակնկալում ենք մարզպետարանի աջակցությունը», - ասաց նախարար Երիցյանը։
Շիրակի մարզպետի անունից հրշեջ-փրկարարներին պատվոգրեր հանձնեց Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։
Փետրվարի վերջին մարզի մի խումբ փրկարարների պարգևատրելիս ԱԻ նախարար Արմեն Երիցյանը խոստացավ, որ արդեն այս տարի նախարարությունը կունենա ամենագնաց մեքենաներ և ձնագնացներ, որոնցով ավելի արագ և հեշտ կլինի առատ ձյան և ձնաբքի պայմաններում մարդկանց օգնություն ցուցաբերել։ Ապրիլի 4-ին ԱԻ նախարարը Շիրակի մարզային փրկարարական վարչությանը նվիրեց «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց նոր ավտոմեքենա, որը կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։ Մարզային փրկարարական վարչությանը հանձնվեց նաև շարժական էլեկտրակայան։
«ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնացը կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։
ԱԻ նախարարն այցելեց նաև Գյումրիում գտնվող ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն և Շիրակի մարզային փրկարարական վարչություն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը