Այսօր Էլդրեդ Գրեգորի Պեկի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր ամերիկացի դերասան, Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկի՝ Էլդրեդ Գրեգորի Պեկի ծննդյան օրն է: Ծնվել է 1916 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լա Հոյյա քաղաքում, դեղատան աշխատակցի ընտանիքում: Պեկը 3 տարեկան էր, երբ մայրը հեռացավ ամուսնուց: Նրա ծնողները կաթոլիկ էին, ծագումով Մեծ Բրիտանիայից: Հայրը՝ հոր կողմից անգլիացի, մոր կողմից իռլանդացի, իսկ մայրը հոր կողմից շոտլանդացի, մոր կողմից անգլիացի: Պեկին դաստիարակել է հինականում տատը՝ Քեյթ Էյերսը:
Պեկը «Օսկար» մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 12-րդ տեղում:
Գրեգորի Պեկը սովորել է Լոս Անջելեսի Սենթ Ջո ռազմական ակադեմիայում և Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում: Նա ինքն էր վճարում ուսման համար, այդ ընթացքում և դրանից հետո աշխատելով որպես դռնապան, մատուցող, ամաններ լվացող, շուկայի վաճառող: Նաև աշխատել է Ռադիո-սիթիում որպես տոմսավաճառ:
Կինոյում իր գրեթե 50 տարվա աշխատանքի ընթացքում կերտել է մոտ 60 մեծ ու փոքր դերեր, մի քանի անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի գլխավոր հերոս, փաստաբան Ատիկուս Ֆինչի կերպարի մարմնավորման համար:
1953-ին էկրան է բարձրանում Գրեգորի Պեկի ամենայտնի ֆիլմերից մեկը՝ Օդրի Հեփբերնի մասնակցությամբ «Հռոմական արձակուրդներ» կատակերգությունը, իսկ 1961-ին «Նավարոնե կղզու հրացանափողերը» մարտաֆիլմը Էնթոնի Քուինի մասնակցությամբ:
1962-ի «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմը առավել լայն ճանաչում է բերում Պեկին, իսկ ֆիլմը դառնում է ոչ միայն կինոյի պատմության, այլ նաև ԱՄՆ-ի պատմության կարևոր հասարակական քաղաքական իրադարձություններից մեկը: Ֆիլմում նկարագրվում էր նեգրերի պայքարը ռասիստական խտրականության դեմ: «Վախի հրվանդանը» և 1991-ին նույն ֆիլմի Մարտին Սկորսեզեի նկարահանած ռիմեյքում կատարում է գլխավոր դերեր:
1969-ին նկարահանվում է դասական դարձած Մակենայի ոսկին վեստեռնում, ուր նրա խաղընկերն էր Օմար Շարիֆը: Մյուս հայտնի ֆիլմերից կարելի է նշել Ալֆրեդ Հիչքոքի «Կախարդվածը» դետեկտիվ թրիլլերը Ինգրիդ Բերգմանի ընկերակցությամբ, «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» էպիկական վեստեռնը, «Օմեն» սարսափ ֆիլմը և նացիստների մասին պատմող «Տղաները Բրազիլիայից» քաղաքական թրիլլերը:
Մահացել է 2003-ի հունիսի 12-ին Լոս Անջելեսում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը