Վլադիմիր Կարապետյանի կողմնակիցները կարող են Սամվել Ֆարմանյանի տան դռան վրա թռուցիկներ փակցնել
Հասարակություն
Այսօր թիվ 2 ընտրատարածքում կայացած Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանի դիմումը, որով վերջինս պնդում էր, թե նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը խախտել է Ընտրական օրենսգիրքը:
Բանն այն է, որ թիվ 2 ընտրատարածքում բաժանվել է Վլադմիր Կարապետյանի լուսանկարով թռուցիկ, որում զետեղված է նաև նրա ողջույնի խոսքն' ուղղված ընտրատարածքի բնակիչներին:
Սամվել Ֆարմանյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ԸԸՀ նիստի ժամանակ պնդում էր, որ «Վ. Կարապետյանի կողմից տարածվել են քարոզչական տպագիր նյութեր, որտեղ պարունակված է նախընտրական քարոզչության բովանդակություն»։
Վ. Գիրգորյանն ընթերցեց թռուցիկում առկա տեքստը, այն է. «Սիրելի՛ բարեկամ, ինձ հաճելի է տեղեկացնել, որ մեր համայնքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ որպես պատգամավորության թեկնածու։ Մեծագույն պատիվ եմ համարում քննարկել ձեզ հեր արձագանքը և կարծիքներն առաջիկա ընտրությունների շուրջ և ակնկալում եմ Ձեր աջակցությունը։ Ձեր առաջարկություններն ու կարծիքները կարող եք ուղարկել ինձ էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կարող եք այցելել Ձեր համայնքում բացված իմ նախընտրական շտաբներ»։
Վկայակոչելով Ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ թեկնածուները ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի պատրաստման ֆինանսավորման համար պետք է օգտագործեն միայն նախընտրական հիմնադրամի միջոցները, Վ.Գրիգորյանն ասաց, որ եթե «իրենք չընդունեն, որ թռուցիկի տիպագրումը ֆինանսավորվել է նախընտրական հիմնադրամից՝ իրենց համար ավելի վատ»։
Ի պատասխան Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանն ասաց. «Նախ, ես շատ ուրախ կլինեի, եթե մինչև դիմումի քննարկումը մեզ գոնե դիմումի բովանդակությունը հայտնի լիներ»։
Պ. Հովակիմյանն այնուհետև ասաց, որ իրենք հանդիսանում են պատասխանող կողմ, իսկ դիմող կողմից հնչեցին «դաստիակչական» հայտարարություններ, ինչից հետո ԸԸՀ նախագահն, ընդհատելով Վ. Կարապետյանի ներկայացուցչի խոսքը, խնդրեց որակումներ չտալ։
«Որակումներ եղան դիմող կողմի խոսքում, և այդ որակումները ոչ ոք չընդհատեց։ Ասում է՝ իրենց համար ավելի վատ կլինի, ավելի լավ կլինի... Հիմա ես ուզում եմ հարցնել՝ երբ մինչ օրս բազմաթիվ հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով հայտնել են, որ մարդն առաջադրված է, գրանցված է պատգամավորության թեկնածու, դա քարոզչություն համարվե՞լ է։ Տարածված թռուցիկում այդ ի՞նչ բովանդակություն կա, որ ներկայացվում է, թե իբր խախտվում են հավասար մրցակցության պայմանները։ Հայտնի՞ է արդյոք դիմող կողմին, թե ինչ է գրված Ընտրական օրենսգրքում։ Ինչպե՞ս է նա այստեղ Ընտրական օրենսգիրքը պարզաբանում իր ուզած ձևով։ Եթե ես հավատամ դիմող կողմի ներկայացված պնդումներին, ապա նախ և առաջ վտանգված է Հանրապետական կուսակցության գրանցումը ԿԸՀ-ում»։
Այնուհետև Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչն ասաց, որ տարածված թռուցիկում քարոզչություն պարունակող տարրեր չկան, ոչ մի նախընտրական խոստում զետեղված չէ՝ հավելելով, որ նույնաբովանդակ դիմում ԿԸՀ-ում քննարկվել է և վերջինս բացասական պատասխան է տվել դրան։
Ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը Ֆարմանյանի ներկայացուցչին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է հայտնաբերվել Վլադիմիր Կարապետյանի նկարով և ողջույնի խոսքով թռուցիկը, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ այն փակցված է եղել Նոր Նորքի մի շարք բնակիչների բնակարանների դռներին, այդ թվում՝ Սամվել Ֆարմանյանի դռան վրա, ինչը հարուցեց ներկաների ծիծաղը։
ԸԸՀ իրավաբանն էլ իր խոսքում նախ նշեց, որ դիմումատուն դիմումը ներկայացնելիս չի պահպանել օրենքի պահանջը, այն է՝ դիմումում չի ներառել դիմումատուի անունը, ազգանունը, որոշակի ռեկվիզիտներ, հասցե, այնուամենայնիվ հանձնաժողովը այդ թերությունները հիմք չի համարել դիմումի ընդունումը մերժելու համար։
«Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, թե երբ է մեկնարկում նախընտրական քարոզչությունը, բայց նաև սահմանում է, որ նախընտրական ժամանակահատվածի սահմանված լիները չի սահմանափակում ՀՀ Ընտրական օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը։ Այսինքն՝ օրենսգրքում կա հստակ նորմ և այդ նորմի մեկնաբանման կարիք չկա։ Այստեղ չի քննարկվում, թե տարածված թռուցիկը բուկլետ է պետք համարել, թե ոչ, այն նախընտրական հիմնադրամից է ֆինանսավորվել, թե ոչ։ Քննարկվում է այն հարցը, թե իրավունք ունե՞ր թեկնածուն կոնկրետ ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն իրականացնել։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ իրավունք ուներ։ Եվ քանի որ օրենքի խախտում չկա, առաջարկում եմ վարչական վարույթի հարուցումը մերժել»։
Իրավաբանի առաջարկը ԸԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության, որի արդյունքներով ԸԸՀ անդամները դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժեցին։
Սամվել Ֆարմանյանի ներկայացուցիչը նիստի ավարտից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Իսկ Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբի անդամ Ծովինար Նազարյանի այն հարցին, թե ԸԸՀ որոշումից հետո իրենք իրավունք ունե՞ն Սամվել Ֆարմանյանի բնակարանի դռանը փակցնել Վլադիմիր Կարապետյանի լուսանկարով թռուցիկը, Պատվական Հովակիմյանը արձագանքեց. «Մեկի փոխարեն երկուսը կարող եք փակցնել»։
Վերջում հավելենք, որ ԸԸՀ նիստին ներկա էին նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը