ՀՀ ԱԳՆ աշխատակազմի առավելագույն թվաքանակն ավելացվել է 10-ով
Հասարակություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում իր երեք որոշումներից մեկով սահմանել է ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, վերջինիս տրամադրման կարգը, մյուսով՝ առավել սեղմ ժամկետում անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարի չափը, վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը, երրորդով՝ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը, տեղեկանքի ձևը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայության համարանիշ հատկացնելու կարգը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և 10-ով ավելացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առավելագույն թվաքանակը. նպատակը նախարարության դիվանագիտական դպրոցի լավագույն շրջանավարտներին արտաքին գերատեսչության համակարգ ընդունելու հնարավորության ստեղծումն է։
Կառավարությունն իր նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին թույլատրել է բացել «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013 թթ. ընտրությունների ընթացքում «Պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» անվամբ արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ։
Ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 10 մլն դրամ։ Գումարը կօգտագործվի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ծրագրերի իրականացման նպատակով։
ՀՀ կառավարությունը հաստատել է նաև՝
- ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը,
- պետական վերահսկողության շրջանակում սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի, պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի և կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկերը, ինչպես նաև 2012 թ. սննդամթերքի լաբորատոր փորձաքննության ծրագիրը,
- Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման, Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման և Լենուղի-Այգևան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների գնման արդյունքները՝ համապատասխանաբար ընտրված մասնակիցներ ճանաչելով «Լոռու ՃՇՇ»» ՓԲԸ-ն մոտ 380 մլն դրամ և «Կուարլինի» ՍՊԸ-ն՝ մոտ 627 մլն դրամ պայմանագրային գումարներով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը