Այսօր Առաքելական եկեղեցին նշում է Ավագ ուրբաթը
Հասարակություն
Այսօր Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ավագ ուրբաթը՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Ավագ ուրբաթին հաջորդում է Ավետումն Սբ. Աստվածածնի տոնը։
Ապրիլի 7-ին Առաքելական Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի Ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը:
Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»: Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը: Ավետարանի այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մեր կյանքում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը