Հանդիպում ապագա գյուղատնտեսների հետ
Հասարակություն
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կրկին ՀՀ ագրարային համալսարանում էր, ուր հերթական անգամ հյուրընկալվեց ապագա գյուղատնտեսներին և բուհի պրոֆեսորադասախոսական կազմին: Հանդիպման ընթացքում նա նորից ընդգծեց, որ երիտասարդների հետ է կապում մեր երկրի ապագան, հետևաբար հենց նրանց էլ նախորդ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները՝ ակնկալելով սերտ համագործակցություն ու անմիջական մասնակցություն ներկայացվող ծրագրերի իրականացմանը:
«Ես բարձր եմ գնահատում ձեր տրամադրվածությունը գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցելու հարցում և ակնկալում, որ, օգտագործելով ձեր գիտական միտքը, կհասնենք որակական առաջընթացի: Ձեր օգնությամբ պետք է միջազգային փորձը ներդնենք մեր գյուղատնտեսության մեջ: Գիտական միտքը չպետք է մնա թղթի վրա, մեր օժանդակությամբ այն պետք է վերածվի արտադրական պրոցեսի՚»,-նկատել է Սերգո Կարապետյանը, գոհունակությամբ ներկայացնելով անցյալ տարվանից բուհի և գյուղատնտեսության նախարարության միջև ծավալված սերտ համագործակցության փաստը:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ձեռք բերված դրական ցուցանիշները, նախարարը մատնանշել է նաև առաջիկա գերակայությունները՝ առանձնացնելով կոոպերացիաների ստեղծումն ու դրանց թվի ավելացումը, գյուղատնտեսական տեխնիկայի թարմացումն ու սննդամթերքի անվտանգության միջազգային չափորոշիչների սահմանումը:
Հանդիպման ավարտին նախարարը հորդորեց ուսանողներին նպատակային օգտագործել գիտելիքներ ձեռք բերելու ժամանակն ու հնարավորությունները: «Ապագան գիտելիքներինն է: Առանց հիմնարար գիտելիքների զարգացում չկա: Մեր գյուղատնտեսությունն այսօր ձեզանից նպատակային և գերազանց ուսում է պահանջում, որպեսզի վաղը այն վերածվի զարգացման ծրագրի ու առաջընթացի: Սիրեցեք ձեր ընտրած մասնագիտությունը»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը