Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատմել է ԱՄԷ-ի բանտում կատարած մեկ այլ «գողության» մասին
Հասարակություն
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Ճոյտը՝ Հակոբ Հակոբյանը, նույնիսկ ուրիշի ապրանքը տանելու մեջ է ունիկալ. հիշո՞ւմ եք՝ 2005թ. դեպքը, երբ մեր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄ Է) իր որդու և ընկերոջ հետ կոստյումներ էր գողացել:
Պատգամավորի մերձավորները գողության փաստը թաքցնելու նպատակով ձերբակալության հետ կապված տարբեր վարկածներ ու պատճառաբանություններ էին շրջանառության մեջ դրել՝ Ինտերպոլի «թյուրիմացությունների» մասին: Սակայն հետագայում, երբ ինչ-որ թյուրիմացությունների մասին Հակոբ Հակոբյանը սկսեց խոսել, դա միայն ծիծաղ առաջացրեց, քանի որ Ինտերպոլի ինտերնետային կայքում ներկայացվում են որոնվողների լուսանկարները՝ նրանց հասակի, մազերի գույնի, անգամ՝ մարմնին առկա դաջվածքների նկարագրությամբ: Բայց Հակոբ Հակոբյանը, ի տարբերություն «նամռոտ» այլ պատգամավորների, այնքան անկեղծ է լրագրողների հետ շփումներում, որ այդ դեպքից հետո, երբ վերադարձավ Հայաստան՝ ասուլիս տալու և արդարանալու, սկսեց «ազարտով» պատմել ԱՄԷ-ի բանտում անզգուշությամբ կատարած մեկ այլ «գողության» մասին: Գողացածն էլ ինչ էր՝ պուճուր խալի, դե՝ գորգ էլի, որը գողացել էր հարևան խցից՝ հարմարավետություն ստեղծելու համար: «Մեր բանտերից որ շատ լավն էին: Մերը ոնց որ պիոներական լագեր ըլնի: Ընդեղ կանդիցիաներ կար, տելեվիզր կար, թերթ կար, հոտ-մոտ չկար: Միակ վատ բանն էն էր, որ լուսամուտ չկար, չէինք իմանում՝ ցերեկ ա՞, թե՞ գիշեր: Բայց գետնի, մետլախի վրա էինք քնում: Ես էլ առաջի օրը տեսա՝ կողքի սենյակը սենց փոքր խալիներ կան: Բերի քցի տակս, ադյալը քաշի վրես ու քնա: Մի երկու հատ էլ գիրք կար՝ դրի գլխիս տակ: Մեկ էլ դրանց ղըլը-բըլը լսա' ասի՝ ի՞նչ ա, արա, ի՞նչ եք ուզում: Պարզվավ՝ էդ իրանց աղոթքի շորերն ա՝ ոտների տակ քցելու համար»:
Սակայն ԱԺ նախկին պատգամավորի անցյալը միայն այսպիսի հետաքրքիր քրեական պատմություններով չի սահմանափակվում: Կան նաև իշխանության հետ նախկինում համագործակցելու, ապա «քցվելու» կասկածելի ինչ-որ դրվագներ, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Հակոբ Հակոբյանի դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցվել, և խորհրդարանը զրկել էր նրան պատգամավորական մանդատից: Իսկ պատճառը, ըստ մամուլի հրապարակումների, այն էր եղել, որ Ճոյտը հենց Քոչարյանից էր գողություն արել. նրա գազի գծից «երակ էր մտել» ու հարկերն էլ չէր վճարել: Հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե իշխանությունը պատժի՝ ինչպիսի՞ սանկցիա կիրառեց (պաշտոնապես) Ճոյտի նկատմամբ: Փոխարենը ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, որ Ճոյտին ուզածիդ պես ունեզրկել են:
Իսկ ի՞նչ ուներ Հակոբ Հակոբյանը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռ տարիներ առաջ թերթերից մեկին տված հարցազրույցում մանրամասներ էր նշել «Արդշինբանկի» սնանկության, «Ագրոբանկի» բաժնեմասը Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին վաճառելու և «Հայխնայբանկի» սեփականաշնորհման գործընթացների վերաբերյալ: Ըստ նախկին վարչապետի՝ այդ բանկերի սնանկացմանը նպաստել էր ԿԲ նախկին նախագահ, այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպեսզի այդ բանկերն անցնեն իշխող վերնախավի՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հովանավորյալների ձեռքի տակ: Հրանտ Բագրատյանն այդ գործարքները վերանայելու հարց էր բարձրացրել՝ նշելով կոնկրետ, թե ինչպես են «Ագրոբանկը» միացրել «Արդշինինվեստբանկին». «Ագրոբանկը» ընդհանրապես խայտառակ պատմություն է, վաճառվում է պատգամավորին՝ Հակոբ Հակոբյանին: Այստեղ հարց է ծագում, ես հարց եմ տալիս, այդ մարդը դառնում է այդ բանկի նախագահ, իսկ բանկերի և բանկային գործունեության մասին օրենքն ասում է, որ պետք է մասնագիտական առնչություն ունենա բանկին: Ու՞ր էր նայում Կենտրոնական բանկը... Եվ հետո «Ագրոբանկը» սնանկացել է: Այդ մարդը վարկ է վերցնում բանկից, բանկն առնում»,- ասել էր Հ. Բագրատյանը:
Լրագրողները ասուլիսի ժամանակ նկատել էին, որ Հակոբ Հակոբյանն անձամբ է սնանկացրել այդ բանկը, ինչին Բագրատյանն արձագանքել էր. «Անձամբ իր գործն է, բայց ո՞ւր էր Կենտրոնական բանկը: Ես գտնում եմ, որ Կենտրոնական բանկին ձեռ էր տալիս այդ գործընթացը, որովհետև ինքը ուզում էր «Ագրոբանկը» բերեր միացներ «Արդշինինվեստբանկին» և ստանալ Հայաստանում ամենախոշոր բանկը և հանձներ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալին: Դրանից հետո եկեք հասկացեք՝ այդ բանկը Քոչարյանինն է, թե ոչ: Ես շատ կարևոր բան եմ ասում: Իմ այդ ամեն մի խոսքի վրա պատրաստ են մեր վրա կրակել, անձամբ իմ վրա... Հիմա փոխանակ ներողություն խնդրեն այս ամենի համար, դատի են տալիս»,- ասել էր Հրանտ Բագրատյանը: Վերջինիս, ի դեպ, Տիգրան Սարգսյանը դատի էր տվել՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ հայց էր ներկայացրել դատարան: Այս գործը կարուսելի նման այնքան պտտվեց դատարաններում, որ ի վերջո «սարվատ» եղավ ու մարեց: Հրանտ Բագրատյանն այդպես էլ չընդունեց պահանջը և չկատարեց:
2006-ին մամուլում մեկ այլ պատմություն հայտնվեց Ճոյտի՝ ունեցվածքի ընդլայնման ճանապարհների մասին: Խոսքը «Բետարդշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի մասին է: Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ «Բետարդշին» գործարանը ունեցել է երկու խոշոր փայատեր՝ Արարատ Սարիբեկյանը՝ 51% և Վարդան Մարգարյանը՝ 20% բաժնեմասերով: Հակոբ Հակոբյանն էլ աչք է ունեցել այդ գործարանի վրա և ցանկացել է վերցնել՝ մեծ շահույթներ ստանալու ակնկալիքով: «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրով նախատեսվում էր միլիոնավոր դոլար արժողության ջրային համակարգ կառուցել Արմավիրի մարզում, ինչը նշանակում էր, որ գործարանը հսկայական պատվերներ պետք է ստանար: Հակոբ Հակոբյանն, ի դեպ, ոռոգման բետոնե ջրագծերի անցկացման գործում այնքան հաջողակ էր, որ մարզում ջրագծերի շինարարության տենդերների մեծ մասը ինքն էր շահում: Եվ եթե կարողանար նաև «Բետարդշինը» վերցնել, ապա տենդերի իրականացման բոլոր փուլերում ինքն էր փող աշխատելու: Դեռ դատական գործընթացի փուլում անհասկանալի էր, թե ինչպես էր գործարանի՝ Արարատ Սարիբեկյանին պատկանող հսկիչ փաթեթը հայտնվել Ճոյտի ձեռքում, երբ դրա ձեռքբերման առաջնային իրավունքը, ըստ ընկերության կանոնադրության, պատկանում էր մյուս փայատերերին:
Նրանցից Վարդան Մարգարյանին, սակայն, տեղյակ չէին պահել 51 տոկոս փայաբաժնի վաճառքի մասին: Հետո անհասկանալի ձևով Ճոյտը, արդեն որպես գործարանի՝ 80 տոկոսի սեփականատեր, մտել էր գործարան, իսկ հետո համոզել Մարգարյանին՝ մնացած 20 տոկոսն էլ վաճառել իրեն, ինչից նա հրաժարվել էր: Այդ ժամանակ Ճոյտը որոշել էր դատարանի միջոցով վերցնել մնացած մասը և, մտնելով դատարան՝ հասնել էր նրան, որ արգելանք էր դրվել Մարգարյանին պատկանող բաժնեմասի վրա: Իսկ հիմնավորումն այն էր, թե նրա պատճառով հիմնարկը լավ չի աշխատել և ֆինանսական վնաս է հասցրել իրենց: Չգիտենք, թե այս պատմությունն ինչ հանգուցալուծում ունեցավ դատարանում, բայց Հակոբ Հակոբյանը միշտ ինչ-որ ձևով ինչ-որ բանի տիրանում է՝ անկախ նրանից դա նախագահի՞, թե՞ արաբների ունեցվածքն է: Իսկ մնացածը՝ հետո նրանից վերցնում, խլում են, թե չեն վերցնում, դատում, թե չեն դատում, ՀՀԿ-ն նրան սատարում է, թե ոչ, կարևոր չէ: Կարևորն այն է, որ Ճոյտը միշտ պատրաստ է որպես ՀՀԿ անդամ պատգամավոր ընտրվել և ստացած քվեների թվով ապացուցել ու համոզել, որ հարազատ կուսակցությունը իր ռեսուրսը ավելի լուրջ հանձնարարությունների համար օգտագործի: Այս ընտրություններում նա իր ուժերը կչափի իր անվանակցի, ոչ անհայտ գեներալ Սեյրան Սարոյանի, ՀԱԿ-ից Թոռնիկ Գևորգյանի և ինքնառաջադրված Սարգիս Քոչարյանի հետ: Իսկ թե ընտրվելուց կամ չընտրվելուց հետո ումից ի՞նչ կտանի' ցույց կտա ժամանակը:
«Ժամանակ»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը