Այսօր երեկոյան մատուցվելու է Ճրագալույցի Սբ. Պատարագ. վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Զատիկը
Հասարակություն
Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո' երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո' կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք' Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը' թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով' հռչակում ենք մեր փրկությունը»: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին: «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով' քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք 1:3): Հինանց շրջանի վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով (այս տարի՝ մայիսի 11-ին): Համաձայն եկեղեցու կանոնների՝ բոլոր հիսուն օրերն ուտիք են, այսինքն՝ այս շրջանում չկան պահոց օրեր և թույլատրելի են բոլոր կերակրատեսակները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը