Էրդողանի կուսակցությունը չի ուզում կոալիցիոն կառավարություն ձևավորել
Թուրքիա
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի պաշտպանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու գաղափարը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական A Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն:
Մինչև 2014 թվականի օգոստոս 12 տարվա վարչապետության օրոք ԱԶԿ-ն գլխավորել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր կուսակցությունից նման առաջարկներ չեն եղել: Եթե մենք 12 տարի առաջ համաձայնվեինք դրան, ապա չէինք մնա իշխանության մեջ: Թուրքիայի պատմության մեջ կոալիցիոն կառավարությունները երբեք հաջողության չեն հասել»,- ասել է Դավութօղլուն' պատասխանելով կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորության մասին հարցին:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում մասնակցում են 20 կուսակցություն: ԱԶԿ-ից բացի, 10 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու և խորհրդարանում տեղեր ստանալու գլխավոր հավակնորդներ են հանդիսանում ձախ կենտրոնամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, Ազգայնական կուսակցությունը և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը:
Թուրքական հասարակական կարծիքի հետազոտության որոշ կենտրոնների անցկացրած վերջին հարցումների արդյունքներով' ԱԶԿ-ի վարկանիշը 4 տոկոսով ընկել և իջել է 38 տոկոսի: Այդ ցուցանիշը պահպանվելու դեպքում ԱԶԿ-ն ստիպված կլինի համաձայնել կոալիցիոն կառավարություն ձևավորելու գաղափարին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)