Ընտրողը ձայն կտա իմ օգտին, որովհետև իմ հաղթանակն առաջին հերթին իր հաղթանակն է. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
«Դուք գիտեք, որ ես առաջադրվել եմ թիվ 7 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այդ ընտրատարածքում առաջադրվել եմ ոչ այնքան պատգամավոր ընտրվելու համար, այլ նրա համար, որ ընտրողն ինքն ընտրություն անելու հնարավորություն ստանա», - երեկ՝ ապրիլի 9-ին, այս մասին ասաց «Բանաձև» հաղորդման հյուր, ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ ընտրողը ձայն կտա իմ օգտին, որովհետև իմ հաղթանակն առաջին հերթին իր հաղթանակն է, որովհետև այս ընտրություններում ընտրարաշավի ընթացքում հաղթելու է ի վերջո քաղաքացին, որը Հայաստանի օլիգարխիական համակարգին ցույց է տալու, որ ինքը կարող է որոշումներ կայացնել և այն պատգամավորներին, մասնավորապես նրանց, ովքեր ի վիճակի չեն կատարել իրենց մասնագիտական, պատգամավորական պրոֆեսիոնալ գործունեությունը, պետք է ազատի պատգամավորի ծանր բեռից: Տվյալ դեպքում ես նկատի ունեմ Սամվել Ալեքսանյանին: Ես ընտրողին ներկայացրել եմ նաև վիճակագրություն, որ վերջին հինգ տարիներին այդ պատգամավորը ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի անգամ հարց չի բարձրացրել կառավարության առաջ և Ազգային Ժողովի 1991 քվեարկություններից 1460 և ավելիից բացակայել է և ԱԺ-ն տեղեկացնում է, որ ինքն այդ բացակայությունների համար ներկայացրել է բժշկական տեղեկանքներ՝ ենթադրվում է, որ նա առողջության հետ կապված խնդիրներ ունի, և ես առաջադրվել եմ, որպեսզի Մալաթիա-Սեբաստիայի ընտրողը հնարավորություն ուենա Սամվել Ալեքսանյանին ազատել պատգամավորի ծանր պարտականություններից, որպեսզի նա պատշաճ բուժում ստանա»,– ասաց Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի գործունեությունը ֆունկցիոնալ առումով ավելի ակտիվ է ընտրատարածքի բնակչության, ընտրողների շփման տեսակետից, որովհետև ՀՀ այսօրվա գործող սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը որևէ այլ աշխատանքով զբաղվելու իրավունք չունի: Սրանից հետևություն անելով՝ Փաշինյանը շեշտեց, որ պատգամավորը պետք է զբաղվի ընտրողների հարցերի լուծմամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը