Այդ ինչպե՞ս է պատահել, որ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի միակ ներկրողն է. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
«Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ ես որևէ մեկին չեմ ատում»,– երեկ «Բանաձև» հաղորդման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրենց խոսքում ատելություն լինելու տպավորության մասին: «Նույն լրագրողները, նույն քաղաքական գործիչները, ազնիվ քաղաքական գործիչներն իրերը պետք է անվանեն իրենց անուններով: Երբ մենք խոսում ենք կոռուպցիայի մասին՝ դա նրանից չէ, որ մենք ինչ–որ մեկին չենք սիրում, այդ կոռուպցիան գոյություն ունի: Երբ մենք խոսում ենք արտագաղթի մասին, դա նրանից չէ, որ մենք ինչ–որ մեկին ատում ենք, այդ արտագաղթը գոյություն ունի, երբ որ խոսում ենք այն մասին, որ երկրի արտաքին պարտքը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հասել է 3,8 մլրդ–ի: Մենք ասում ենք, որ գործ ունենք ապաշնորհ իշխանության հետ, որովհետև իշխանությունը պետք է լինի ապաշնորհ, որ երկիրը հասնի հուսահատության: Հայաստանի քաղաքացիների մի շատ մեծ տոկոսը չի հավատում սեփական երկրի ապագային: Ինչի՞ համար ենք մենք այս բառերը արտահայտում. ոչ այն բանի համար, որ մենք ատում ենք Սերժ Սարգսյանին, այլ մենք կողմնակից ենք օրինականությանը, իսկ ՀՀ սահմանադրությունը ասում է, որ ՀՀ նախագահ ընտրվում է նա, ում օգտին քվեարկում է ընտրողների 50 գումարած 1 տոկոսը։ Սերժ Սարգսյանի օգտին այդքան տոկոս չի քվեարկել: Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ինչպե՞ս է միլիոնատեր դարձել. ես իրեն ատում եմ դրա համա՞ր է դարձել միլիոնատեր: Խնդրում եմ Ձեր սեր արտահայտող բառերով բացատրեք, թե ինչպես է նա դարձել միլիոնատեր, եթե ընդամենը 15 տարի առաջ եղել է վարորդ: Այդ ի՞նչպես է պատահել, որ մի մարդը՝ Սամվել Ալեքսանյանը, շաքարավազի միակ ներկրողն է: Ատելություն չկա, ես ոչ մեկին չեմ ատում, թող իշխանությունը բացատրի, թե ինչպես է պատահում, որ ԱԺ պատգամավորի մանդատ ունեցող մարդը խորհրդարանի աշխատանքների 75%-ին չի մասնակցում, որևէ անգամ ելույթ չի ունենում և այդ մարդուն Հանրապետական կուսակցությունը նորից առաջադրում է պատգամավորության թեկնածու: Սա սեր է ժողովուրդի նկատմա՞մբ: Երբ որ շաքարավազ են ներկրում, հետո շաքարավազի գների հետ մանիպուլյացիաներ են անում, հետո տնտեսական մրցակցության հանձնաժողովն ասում է, որ այն ժամանակ սխալ էինք հաշվում: Այդ ամեն ի՞նչ կապ ունի ատելության հետ, երբ որ ասում ենք, որ Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգ է ձևավորվել՝ դա նշանակում է, որ մենք ատելությո՞ւն ենք սերմանում», - նշեց Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը