Իմ նպատակը մանդատ ունենալը չէ, այլ իշխանափոխություն իրականացնելը. ՀՀՇ վարչության նախագահ
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ–ը սկսել է իր այցելությունները շրջաններ և նախատեսել է իրականացնել հանրահավաքներ, որոնց միջոցով իրենք ճնշելու են իշխանությանը։ Ամենակարևորը ՀԱԿ–ի նախաձեռնած «տնետուն» ծրագիրն է, որի միջոցով ՀԱԿ–ը ցանկանում է անձամբ շփվել իր ընտրողների հետ։
«Մեզ հրաժարվում էին տարածք վարձակալության տալ, երբ տեղեկանում էին, որ այնտեղ ՀԱԿ–ի շտաբ է լինելու։ Սկզբում համաձայնվում էին, գնի շուրջ բանակցում, իսկ հետո մերժում էին՝ պատասխանելով, որ չեն ուզում տնից–տեղից զրկվել»,– այսպես բացատրեց գրանցված նախընտրական շտաբ չունենալու պատճառն Արամ Մանուկյանը։
Արամ Մանուկյանը խոսեց նաև նախընտրական կաշառքների մասին՝ նշելով, որ նույն ընտրատարածքում առաջադրված, SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը մտադրված տարածքներ է ասֆալտապատում, «Օրինաց երկիր» կուսակցությունն իրենց շենքում հեռախոսներ, իսկ մարզերում՝ մուրաբա է բաժանում։ Իսկ ՀԱԿ–ի խնդիրն է փրկել մեր երկիրը կոռուպցիայից, արտագաղթից, գների թանկացումից և ստեղծել արդար ու ազատ երկիր։ «Իմ նպատակը մանդատ ունենալը չէ, այլ իշխանափոխություն իրականացնելը»,– ասաց ՀՀՇ վարչության նախագահը։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կբացատրեք պտտվող լուրերն այն մասին, որ ձեզ կասկածում են իշխանության հետ համագործակցելու մեջ, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ դա անհնարին է և հավելեց. «Ինչպես կարող է ամենահալածված կուսակցությունը համագործակցել իր դեմ տարիներ շարունակ պայքարող, իրեն կործանող կուսակցության հետ։ Մեզ ձայն չեն տա նրանք, ովքեր կաշառվում են, ովքեր հիասթափված են կամ ավելի ռադիկալ քայլեր են ուզում։ Ես իմ ձայները ոչ մեկին չեմ զիջելու»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը