ԱԺ ընտրություններում կանցկացվի էքզիթ-փոլ՝ քվեարկության կրկնություն
Հասարակություն
Այսօր սոցիոլոգիական հետազոտությունների հեղինակավոր Gallup International Association ընկերությունը և «Արմենիա» հեռուստաընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն, ընկերությունը մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում կանցկացնի սոցհարցումներ, իսկ ընտրության օրը նաև էքզիթ–փոլ,այսինքն՝ ընտրատեղամասերից դուրս եկած քաղաքացիներին հարցնում են, թե ում օգտին են քվեարկել:
Էքզիթ-փոլ առաջին անգամ է Հայաստանում անցկացվում: Այն ներկայացնելու է համամասնական ընտրակարգի ընտրության արդյունքների վերաբերյալ տվյալներ:
«Հարցումներն անցկացվելու են երկրի ամբողջ տարածքով։ Տարբերությունը միայն այն է, որ քարոզարշավային փուլում ընտրական զանգվածն է ուսումնասիրվելու, իսկ էքզիթ-փոլի դեպքում՝ ընտրությանը մասնակցածները»,- նշեց Gallup International Association-ի փոխնախագահ Կանչո Ստոյչևը և հավելեց, որ նախընտրական հարցման ժամանակ իրենք մարդկանց մտադրությունների մասին են հարցնում, իսկ էքզիթ-փոլի ժամանակ հարցնելու են՝ թե ինչ են արել մի քանի րոպե առաջ:
«Էքզիթ-փոլը քվեարկության կրկնությունն է կարծես»,-ասաց Ստոյչևը, և հավելեց, որ հարցումն անանուն է լինելու, բայց ընտրողները լրացնելու են նաև թերթիկ, որտեղ նշելու են նաև իրենց սեռը, տարիքը և բնակության վայրը՝ քաղաք կամ գյուղ:
Ստոյչևը ավելացրեց, որ թեև քվեարկության օրվա կեսօրին նրանք արդեն կունենան էքզիթ փոլի արդյունքները, բայց պետք է սպասեն քվեարկության ավարտին, որից հետո միայն կհայտարարեն տվյալները և հավելեց, որ սոցիոլոգիական հարցումը կավարտվի ապրիլի 27-ին, իսկ էքզիտ փոլը կապահովի ընտրության օրվա թափանցիկությունը:
«Թափանցիկությունը ոչ թե անձնական մակարդակում է, թե ո՞վ, ի՞նչ ընտրություն կատարեց, այլ ազգային մակարդակում»,- նշեց նա:
Նշենք նաև, որ սոցհարցումն ու էքզիթ-փոլը ազգային մակարդակ են ընդգրկելու, այսինքն՝ անցկացվելու են ողջ Հայաստանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը