Վարդան Բոստանջյանը որպես քաղաքական գործիչ վերացավ, արդեն՝ վերջ. Արմեն Բադալյան
Հասարակություն
«Նախընտրական ծրագրերն ինձ հետաքրքրում էին 1990-1991-ին: Դրանից հետո այլևս մանրարկիտ չեմ ուսումնասիրում ծրագրերը, ուղղակի աչքի եմ անցկացնում»,– այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, և խորհուրդ տվեց լուրջ չվերաբերել նախընտրական ծրագրերին, հատկապես այն ծրագրերին, որոնք կազմվում են ընտրական տեխնոլոգիաների կոպիտ խախտումներով:
«Ընդհանրապես անիմաստ է նայել այդ ծրագրերը: Դիսերտացիաներ են թվում, ոչ թե նախընտրական ծրագրեր»,-նման կարծիք հայտնեց Բադալյանը:
Հարցին, թե «Ձեր կարծիքով իրատեսակա՞ն են ՀՅԴ նախընտրական ծրագրում բարձրացված բարեփոխումները՝ թոշակի, աշխատավարձի կտրուկ բարձրացումները», Արմեն Բադալյանն ասաց.
«Հենց հիմնականում այդպիսի թվեր են բերում: Դա ընդունված տեխնոլոգիա է, բերում են այնպիսի թվեր, որ մարդիկ սկսում են ասել, այո՛, կամ ո՛չ ու դա սկսում է դառնալ քննարկման առարկա: Այդ թվերը, փաստորեն, եթե անգամ հերքում են, բազմաթիվ անգամ կրկնվում են, և ծառայում են իրենց PR նպատակին: Դրա համար ես նախընտրական ծրագրերն այդքան մանրամասնությամբ չեմ ուսումնասիրում, այդ ծրագրերի 90 տոկոսը մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում»:
Բադալյանի խոսքերով, աշխարհում սկզբունք է նախընտրական քարոզարշավի ժամանակ բերել հնարավորինս վառ թվեր՝ «կբացեմ այսքան աշխատատեղեր, բավականին շատ կբարձրացնեմ աշխատավարձերը։ Սովորական քարոզչություն է՝ PR»:
«Մարդ է՝ հրավիրել էին, գնացել էր: Վարդան Բոստանջյանը ԲՀԿ ղեկավար գործիչներից չէ, նա անցնող, հեռացող, խորհրդարանի շարքային պատգամավոր է»,- մեկնաբանելով ՀՅԴ նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի ներկայությունը՝ ասաց Արմեն Բադալյանը և հավելեց, որ դրանում ինչ-որ լուրջ ինտրիգային բան չկա:
«Դուրս կգա կուսակցությունից, դուրս չի գա կուսակցությունից դա այլևս նշանակություն չունի: Ինքը որպես քաղաքական գործիչ վերացավ, արդեն՝ վերջ: Կմտնի այս կուսակցության մեջ, այն կուսակցության մեջ՝ էական նշանակություն չունի: Ամեն կուսակցության մեջ կան մարդիկ, որ իրենց գիտելիքների չափ՝ մի քիչ ավել, մի քիչ ավելի պակաս, բայց համապատասխան գիտելիքներ ունեն»,-ասաց Արմեն Բադալյանը:
Անդրադառնալով նաև այն փաստին, որ ԲՀԿ-ն ստորագրեց միասնական շտաբի ձևավորման փաստաթուղթը, Բադալյանն ասաց.
«ԲՀԿ-ն ոչ թե քննադատական կամ ընդդիմադիր ինչ-որ դրսևորում ցուցաբերեց, այլ ընդամենը որպես քաղաքական ուժ, նպատակ ունենալով, ինչպես ինքն է հայտարարել նպաստել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններին ստորագրեց այդ փաստաթուղթը»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ այստեղ միտում չկա՝ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական, որովհետև ընտրություներին իշխանությունը և ընդդիմությունը չեն մասնակցում, ընտրությունների ժամանակ քվեարկությանը մանակցում են քաղաքական ուժերը՝ անկախ նրանց կարգավիճակից:
Բադալյանը նաև նշեց, որ շատ տարածված սխալ է ասել՝ ընդդիմադիր միտում ունի, քանի որ ընդդիմադիրը դա ընդամենը կարգավիճակն է:
«Ընդդիմադիր կեցվածք արտահայտություն գոյություն չունի ընդհանրապես: Ընդդիմությունը քաղաքական ուժի կարգավիճակն է պետական կառավարման համակարգում: Եթե նա ունի ԱԺ-ում մեեծամասնություն, ուրեմն իշխող ուժ է, եթե չունի մեծամասնություն, ուրեմն ընդդիմադիր ուժ է: Մնացած բոլոր դեպքերում քաղաքական ուժն ընդդիմադիր դիրք չի ունենում, ունենում է քննադատական, ինքնաքննադատական ելույթ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը