Գառնիի դիտարանը` տարածաշրջանային կենտրոն
Հասարակություն
Ապրիլի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարին զեկուցվեց, որ շատ շուտով կվերազինվեն ու կավտոմատացվեն սեյսմիկ ծառայության կողմից շահագործվող 15 հորատանցքերը, որտեղ չափվում է ստորգետնյա ջրերի մակարդակը։ Վերազինումից հետո 15 հորատանցքերից ստացվող տվյալներն իրական ժամանակում կփոխանցվեն սեյսմիկ ծառայություն։ ՍՊԱԾ մասնագետները, կարճ ժամանուկում մշակելով ու վերլուծելով այդ տվյալները, պատրաստ տեղեկատվությունը կհաղորդեն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։ Ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են հնարավոր ստորգետնյա ցնցումների կանխաստեսման համար։ Նախատեսվում է նաև հորատանցքերից ստացվող տվյալները փոխանակել Վրաստանի համանման կառույցի տեղեկատվության հետ։
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում ակտիվ քննարկումներ են ընթանում՝ կապված Գառնիի դիտարանի արդիականացման հետ։ Քննարկումներին ներգրավվել են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներ ու սեյսմաբաններ։ Նախարար Երիցյանը կրկին ընդգծեց, որ Գառնիի դիտարանը պետք է դառնա աշխարհում ճանաչված կենտրոն, և այդ նպատակով դիտարանը կվերազինվի ու կարդիականացվի, ինչպես նաև կվերագործարկվի Գառնիի դիտարանում գտնվող դեֆորմոգրաֆ սարքավորումը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի' տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը