Ըստ Սերժ Սարգսյանի՝ տնտեսական առաջնահերթություններն առաջնային չեն՝ Երևանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ
Հասարակություն
Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տնտեսությանը: «Մեզ հաջողվեց դիմակայել ճգնաժամի հարվածներին, մեր երկիրը զերծ պահեցինք այն ցնցումներից, որոնց վկան ենք Եվրոպայի բազմաթիվ երկրներում: Մենք նախադրյալներ ստեղծեցինք հետագա տնտեսական աճի համար: Մենք ստեղծեցինք պաշտպանական մեխանիզմներ հետագայում նման հարվածներից խուսափելու ու դրանց հետևանքները նվազագույնին հասցնելու համար: Բայց մեզ չհաջողվեց ապահովել այնպիսի տնտեսական աճ, որն էապես զգալի ու շոշափելի լիներ բնակչության լայն խավերի համար»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ մի քանի տարուց կապահովվեն աճող տնտեսության ուղղակի ազդեցությունը յուրաքանչյուրի բարեկեցության վրա:
Բնապահպանական խնդիրներից խոսելով՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Ավաղ, վերջին տասնամյակների ընթացքում մենք շատ բան ենք աղավաղել Երևանում: Տնտեսական խնդիրների համատեքստում շատ հաճախ մոռացության են տրվել բնապահպանական և Երևանի նկարագիրը պահելու առաջնահերթությունները: Սա տխուր իրողություն է: Այսօր մենք փոխում ենք սլաքներն ու ասում՝ տնտեսական առաջնահերթություններն առաջնային չեն Երևանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ:
ՀՀԿ առաջնորդը խոստացավ, որ այսուհետ այդպես չի լինելու ու օրենքով բացառելու են Երևանի Կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: «Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ և նույնիսկ պայքար այս հարցում»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը