Դուք միշտ քվեարկել եք ընդդիմության օգտին, բայց հաղթել է իշխանությունը. Լևոն Տեր–Պետրոսյան
Հասարակություն
«Սիրելի ժողովուրդ ես շատ բան չունեմ ասելու։ Ուղղակի օգտագործելով առիթը՝ ուզում եմ հայտնել շնորհակալություն, որ դուք միշտ քվեարկել եք ընդդիմության օգտին»,- այսօր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում ՀԱԿ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահը:
«Դուք միշտ քվեարկել եք ընդդիմության օգտին, բայց հաղթել է իշխանությունը: Հիմա ձեր վրեժը լուծելու ժամանակն է: Այս մղձավանջից պետք է դուրս գանք, այս 14-15 տարվա մղձավանջից դուրս գալու հնարավորությունը կա: Պետք է անեք այնպես, ինչպես արել եք 2003-ին, 2008-ին»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց նաև, որ եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդն ազատվի գործող չարիքից: «Չարիքի էներգիան կսպառվի, չկա մի չարիք, որի էներգիան չի սպառվում»,-ասաց ՀԱԿ առաջնորդը:
ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն էլ ելույթի ընթացքում ասաց, որ տեղի ոստիկանությունը հավաքը համարել է անօրինական, ինչը նախընտրական այս փուլում Փաշինյանը համարեց «ձեռք առնելիք»:
«Քիչ առաջ ոստիկանական մեքենան ցույց տվեց, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ «Առա՛ջ, Հայաստան» ասելով: ՀԱԿ-ի որևէ հանդիպում չի եղել, որ չհամարվի ապօրինի: Սերժ Սարգսյան, ձեռ ե՞ս քեզ առել։ Ապօրինությո՞ւն եք ման գալիս, տեղն ասեմ. քննեք, թե Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդը ոնց է թռցրել, Սաշիկը ոնց է միլիարդատեր դարձել»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այս ընտրություններում ՀԱԿ-ը պետք է հաղթի, և հավելեց, որ իրենց հաղթանակը, ժողովրդի հաղթանակն է, որը ՀԱԿ-ի համար ավելի կարևոր է:
Ելույթ ունեցան նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նշենք նաև, որ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ներկաներին հավատացրեց, որ իրենք գող չեն, այլապես կհայտնվեին ՀՀԿ ցուցակում:
«Եթե գողացել են, դատեի՛ք, ինչի՞ չդատեցիք»,-խոսելով այն պնդումների մասին, թե 90-ականներին իշխանությունները մազութ են գողացել, ասաց Բագրատյանը՝ վերջում ավելացնելով. «Մեզ ձա՛յն տվեք, իսկապես չեք փոշմանի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը