Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պայմաններին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից կազմակերպված Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառմանը:
Կրթահամալիրի վառ գույներով զգեստավորված փոքրիկ սաները Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում նախ տոնական երգ ու պարով ողջունել են քաղաքապետին և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որից հետո նրանք մասնակցել են եկեղեցում Սբ. Զատկի տոնին նվիրված պատարագին:
Այնուհետև քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ ծանոթացել է համալիրի պայմաններին, սաների առօրյային ու ծրագրերին:
Երևանի քաղաքապետին, որպես կրթահամալիրի ուսումնադաստիարակչական կարևոր նախագիծ ներկայացվել է «Սեբաստիա կրթական պարտեզ» նախագիծը, որով նախատեսվում է կրթահամալիրի սաների ուժերով բարեկարգել ու կանաչապատել համալիրի ողջ տարածքը:
«Նման նախաձեռնությունները միշտ էլ ողջունելի են: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև վարչական շրջանի աշխատակազմը միշտ ձեր կողքին կլինեն և պատրաստ են օժանդակել նմանատիպ բոլոր նախաձեռնություններին»,- ողջունելով ներկաներին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այնուհետ կրթահամալիրի սաները քաղաքապետին են ներկայացրել «Սայաթ-Նովա» մշակութային ծրագիրը, որով նրանք առաջիկայում հանդես են գալու Թբիլիսիում կայանալիք «Վարդատոնին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը