Իրական մտավորականի կերպար
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցի օգտատեր Սամվել Կարաբեկյանն իր էջում գրում է.
«1994-ին համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկին ելույթ ունեցավ ՀՀ Նախագահը։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ կանգնած էին նաև միջանցքներում՝ բաց դռներից հետևելով նիստի ընթացքին։ Իսկ ընթացքը բուռն էր՝ դասախոսները տեղից ձայն էին խնդրում, հարցեր տալիս, ելույթներ ունենում՝ շատ սուր, էմոցիոնալ, երբեմն նաև, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, քաղաքավարության սահմաններն անցնելով։ Նախագահը մասնակցում էր բանավեճին և ամենայն լրջությամբ պատասխանում բոլոր հարցերին, անգամ, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, ամենազավեշտական, հանգիստ և հարգալից արձագանքում անգամ ամենաորոտընդոստ ելույթներին։ Ավարտից հետո, նա՝ դասախոսների հետ միջանցքում էլ շարունակելով խոսել, մեկնեց։
2007-ին, խորհրդարանական ընտրություններին նախորդող մի օր, համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկին ելույթ ունեցավ ՀՀ Նախագահը։ Դահլիճ կարելի էր մտնել միայն անձնագրերով, նախապես հաստատված ցուցակի համաձայն՝ անցնելով անվտանգության մի քանի գոտի։ Դահլիճում ազատ կարելի էր տեղավորվել, դռները պինդ փակ էին։ Ընթացքը հանդարտ էր՝ դասախոսները և ուսանողները նախապես պատրաստված հարցերով մոտենում էին խոսափողին և վերարտադրում էին դրանք։ Նախագահը չէր մասնակցում բանավեճին՝ վերջինիս ի սպառ բացակայության պատճառով։ Հարցերին պատասխանում էր տարօրինակ ժպիտով։ Ավարտից հետո համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ անցավ ետևի սենյակ, որտեղ, վերականգնված ավանդույթին համաձայն, արդեն հյուրասիրություն էր նախապատրաստված։
2008-ից ցայսօր խորհրդի նիստերը վարելու նպատակով պարբերաբար համալսարան է ժամանում ՀՀ Նախագահը: Համալսարանի մերձակա տարածքում ամեն բան կաթվածահար է լինում: Համալսարանի հիմնական շենքին անգամ մոտենալ հնարավոր չէ: Ներսում նա նստում է հատուկ վերելակ, որը միացվում է միայն այդ դեպքերում և բարձրանում նիստերի դահլիճ, որի հարևանությամբ հատուկ ապարտամենտներ են առանձնացված: Ավարտից հետո բազմամարդ պահակազորի ուղեկցությամբ մեկնում է: Բայց կարմիր բերետավորները մնում են: Համալսարանում:
Դատեք ինքներդ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը