Ինչո՞ւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունները չմասնակցեցին նախընտրական բանավեճին
Հասարակություն
Այսօր «Անի» հյուրանոցում կազմակերպված նախընտրական բանավեճին, որի նախաձեռնողը «Սիվիլնեթ»-ն էր, ընտություններին մասնակցության հայտ ներկայացրած 9 ուժերից մասնակցում էին միայն 4-ը: Ներկա չէին ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԴԿ–ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները:
«Ընտրամարտի» ժամանակ «Միավորված հայեր» կուսակցությունից ներկա է եղել կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Երանոսյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, Կոմկուսից՝ Վազգեն Սաֆարյանը, ՀՅԴ-ից՝ Արա Նռանյանը:
Լուրեր.com-ը փորձեց քաղաքական ուժերից պարզել, թե «ինչո՞ւ ներկա չեն եղել նախընտրական բանավեճին»: ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը նշեց, որ իրենք չեն մասնակցել բանավեճին, քանի որ իշխող վարչախմբից ներկայացուցիչ չի եղել:
«Մենք բազմիցս ասել ենք, որ մեր հակառակորդը գործող վարչախումբն է, և բացառապես մասնակցում ենք բանավեճերի, քննարկումների, երբ վարչախմբից ներկայացուցիչ կա, քանի որ նրանք են այս երկիրը կործանողները և ընտրություն կեղծողները: Եթե հանրապետականից, վախենալով ճշմարտությունը լսել, չեն եկել, մենք նպատակահարմար չենք գտել մասնակցել քննարկումենրին»,-ասաց Մուսինյանը:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ նախ զարմացավ, թե «Ինչի՞ պետք է լինեինք»:
Շարմազանովը նշեց նաև, որ բոլորովին պարտադիր չէ, որ իրենք արձագանքեն յուրաքանչյուր բանավեճի առաջարկի. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը, ինքն է որոշում ինչպես գնալ ընտրություններին, որպեսզի ավելի արդյունավետ լավ արդյունք ունենան»:
Իսկ ահա ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանն անգամ տեղյակ չէր նախընտրական բանավեճի մասին:
«Մեզ ոչ մեկ չի տեղեկացրել դրա մասին»,- ասաց ՕԵԿ խոսնակը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ նշեց, որ ԲՀԿ-ն տեխնիկական պատճառներով է բացակայել բանավեճից:
«Ուղղակի ժամանակի համընկնում է եղել: Մեր բանախոսն այդ պահին ուրիշ թոք-շոուի էր մասնակցում: Զուտ տեխնիկական պատճառով ԲՀԿ-ն չմասնակցեց բանավեճին»,– ասաց խոսնակը և հավելեց, որ «հաջորդ հանդիպումներին անպայման «Բարգավաճ Հայաստան»-ից ներկա կլինեն»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը