Իրազեկման միասնական դաշտ` ԱԻՆ-ի և ոստիկանության համար
Հասարակություն
Ապրիլի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը համատեղ հրաման ստորագրեցին արտակարգ իրավիճակներում երկու գերատեսչությունների ստորաբաժանումների համատեղ ու փոխհամաձայնեցված արձագանքման կարգը հաստատելու մասին։
Այս հիմնարար փաստաթղթով սահմանվում են արտակարգ իրավիճակների սպառնալիքի, արտակարգ իրավիճակների և այլ դեպքերի առաջացման մասին ԱԻՆ և Ոստիկանության ստորաբաժանումների փոխադարձ իրազեկման ու տեղեկատվության փոխանակման, ինչպես և արտակարգ իրավիճակների հակազդմանն ուղղված փոխկապակցված և փոխհամաձայնեցված գործունեության հետ կապված հարաբերությունները։
911 ծառայությունը, արտակարգ իրավիճակների սպառնալիքի, արտակարգ իրավիճակների և այլ դեպքերի առաջացման մասին ահազանգ ստանալուց ու սեփական ուժերը դեպքի վայր ուղարկելուց հետո, ոստիկանական ուժեր ներգրավելու նպատակով, անմիջապես կհաղորդի 1-02 ծառայությանը։ Նույն կերպ՝ 1-02 ծառայությունը, ահազանգ ստանալով, անմիջապես կիրազեկի 911 ծառայությանը՝ հարկ եղած դեպքում հաղորդելով նաև ՀՀ ԱԻՆ ուժերը ներգրավելու անհրաժեշտության մասին։
Արդեն իսկ գործողության մեջ դրված կարգով սահմանված են նաև արտակարգ իրավիճակների որոշակի փուլերում երկու գերատեսչությունների աշխատակիցների գործառույթներն ու փոխհարաբերությունները, հստակեցված՝ տեղեկատվության փոխանակման կարգն ու ժամկետները, փոխադարձ մեթոդական օգնության շրջանակները։
Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության ստորաբաժանումների համատեղ ու փոխհամաձայնեցված արձագանքման կարգի հաստատումով սկիզբ է դրվում երկու կառույցների կանոնակարգված համագործակցությանն արտակարգ իրավիճակներում, ինչը կարևոր նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման, բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանվածության ամրապնդման գործում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը