Հաջող ընտրություններ անցկացնելն ազգային պատասխանատվության խնդիր է. Էմմա Նիքոլսոն
Հասարակություն
Ապրիլի 11-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում էին գտնվում ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը նշեց, որ Հայաստանում այժմ ընթանում է շատ ակտիվ քաղաքական բանավեճ: Նրա խոսքերով՝ այցի ընթացքում իրենք չեն հայտնաբերել որևէ խնդիր, բայց տարբեր կազմակերպությունների և գործիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել են առկա որոշ մտահոգությունների:
«Մեզ փոխանցված բոլոր տեղեկությունները մենք ընդունել ենք մեծ ուշադրությամբ՝ թե՛ խնդիրների, թե՛ դրական տեղաշարժի, թե՛ հնարավորությունների և մարտահրավերների մասին: Օրինակ՝ քաղաքական գործիչների մի խումբ մեզ տրամադրեց տեղեկություններ մի շարք խնդիրների վերաբերյալ, իսկ մենք առաջարկեցինք դրանք գրավոր փաստաթղթի տեսքով ներկայացնել մեզ, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրենք: Մենք կարծում ենք, որ Հայաստանում շատ ակտիվ քաղաքական բանավեճ կա և խիստ անհավանական է, որ մեզ ներկայացված խնդիրներն արդեն հայտնված չլինեն հասարակական քննարկման տիրույթում: Չեմ կարծում, որ մեզ ներկայացրած որևէ խնդիր չի լուսաբանվել: Մենք ցանկանում ենք տեսնել կատարյալ ընտրություններ, որպեսզի Հայաստանում իրականացվող բոլոր ընտրական գործողությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Վստահ եմ, որ մենք կարձանագրենք և՛ դրական, և՛ բացասական երևույթները», - նշեց բարոնուհին:
Ասուլիսի մյուս բանախոս Պյոտր Վախի (Լեհաստան) խոսքերով՝ այս խորհրդարանական ընտրություններում դիտորդների և տեղամասերի համամասնությունն ավելի բարձր է լինելու, քան նախորդ դեպքերում է եղել, ինչն իհարկե բավարար չի լինի բոլոր տեղամասերում ներկայացված լինելու համար, բայց տոկոսային առումով կբարձրանա ցուցանիշների ճշգրտությունը: «Վստահ եմ, որ դիտորդներ կլինեն նաև այլ երկրներից: Մնում է միայն մեկ կարևոր գործ՝ քաջալերել ընտրողին, որ գնա և մասնակցի քվեարկությանը», - նշեց նա:
Լուրեր.com-ի դիտարկմանը, թե «ընդդիմությունը միշտ բարձրացնում է այն հարցը, որ միջազգային հանրության դիտարկումները ընտրատարածքներում լինում են միայն որոշ ժամանակ, այդ իսկ պատճառով ընտրակեղծիքներին ամբողջությամբ չեն կարողանում հետևել, իսկ երբ դիտորդական խումբը հեռանում է ընտրատարածքից՝ սկսվում են ընտրակեղծիքները, ինչպե՞ս կարող է դիտորդական առաքելությունը, ամբողջ օրը չլինելով ընտրատարածքում, վերահսկել ընտրությունների գործընթացը, բարոնուհի Էմմա Նիքոլսոնը պատասխանեց. «Նախ և առաջ մենք չենք գալիս, որ կոռուպցիայի որևէ դրսևորումներ արձանագրենք. մենք գալիս ենք բաց մտքով՝ ունենալով որոշակի ստանդարտներ, որոնց համապատասխան իրականացնում ենք մեր առաքելությունը: Եթե տեղի է ունենում կանոնների էական խախտում, անկախ կանոնից և անկախ կոնկրետ խախտումից, այն արձանագրվում է: Կարող է այն չբարձրանա ջրի երես այնպես, ինչպես դուք կամ ընդդիմությունն է ուզում, բայց, եթե մի բան այնպես չէ, այն ուշ թե շուտ ինչ-որ մեկը կնկատի: Եթե այլ դիտորդները, մասնավորապես՝ ընդդիմադիր դիտորդները, մտահոգվում են ընտրական օրենսդրության կոնկրետ իրավախախտումներով, ապացույցներ գտնելը և բողոքներ ներկայացնելն արդեն իրենց պարտավորությունն է: Չի կարելի հաջող ընտրություններ անցկացնելու բեռն ամբողջովին դնել արտասահմանցի դիտորդների ուսերի վրա, դա ազգային պատասխանատվության խնդիր է, իսկ մենք եկել ենք սատարելու այդ գործընթացին և ազգին», - նշեց բարոնուհի Էմմա Նիքոլսոնը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը