Աղանդավորները նախընտրում են ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին. ExitPoll սոցիոլոգիական կենտրոն
Հասարակություն
Երկու հիմնական քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդհանուր հաշվարկով կհավաքեն ձայների 50 տոկոսից ավելին: Սրանք ExitPoll սոցիոլոգիական կենտրոնի՝ մարտի 22-ից ապրիլի 8-ն ընկած հատվածում անցկացրած հարցումների արդյունքներն են: Կենտրոնի ներկայացուցիչ Լևոն Անդրիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը, հարցման արդյունքների համաձայն, չի հաղթահարի 5%-ի շեմը, իսկ ընտրական շեմը կարող են հաղթահարել ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը:
«2710 մարդ է մասնակցել հարցմանը: Միայն երկուսը նշեցին կուսակցական պատկանելության մասին: Կամ տեղյակ չեն, որ կուսակցական են, կամ կուսակցության ղեկավարները ոչ ճիշտ տեղեկություններ են տալիս, կամ թաքցնում են»,- ասաց Լևոն Անդրիասյանը:
Հարցման արդյունքում պարզվել է, որ 13%-ը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու: Հարցվածների 19.7%-ը նյութական աջակցության ակնկալիք ունի քաղաքական ուժերից:
«Ամենավտանգավոր բանը՝ հասուն տարիքի մարդկանց մեկ հինգերորդը կարող է նման տրամադրություններով առաջնորդվելով գործիք դառնալ ցանկացած արտաքին ուժի համար: Խիստ վտանգավոր երևույթ է, ու պետք է իշխանությունն ուշադրություն դարձնի դրան»,- նշեց Անդրիասյանը:
Մի հետաքրքիր փաստ ևս: 2710 հարցվածներից 195-ը տարբեր աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
«Նրանք բոլորը մի քաղաքական ուժի են պատրաստվում իրենց ձայնը տալ»,- ընդգծեց Անդրիասյանը՝ չմանրամասնելով, թե որ քաղաքական ուժի մասին է խոսքը: Միայն նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժ է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը