Մենք որևէ պայմանավորվածություն չունենք հատուցելու Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը. Լիլիթ Գալստյան
Հասարակություն
«Ես կարծում եմ, որ նախագահը գնահատել է Արայիկ Գրիգորյանի նվիրվածությունը, մարզում ունեցած իր ներդրումը. նկատի ունեմ աշխատատեղեր բացելը և պարկեշտ գործարարի համբավը», - Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՀՅԴ թեկնածուի օգտին քվեարկելու կոչին, որը հնչել է երեկ՝ Արարատի մարզում Սարգսյանի ելույթի ժամանակ: Հիշեցնենք, որ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 18 ընտարատարածքում։
«Թեև Արայիկ Գրիգորյանը մեր խմբակցության անդամ է եղել, բայց նա անկուսկացական է, և մենք ել ենք նրան պաշտպանում: Անկեղծ ասած, միշտ ուրախ եմ եղել, որ Արայիկը հենց մեր խմբակցության անդամ է: Եվ գնահատելով Արայիկի կատարած աշխատանքները՝ երևի նախագահն իր սրտի խոսքն է ասել, ինչը ես գնահատում եմ և ասում եմ, որ երանի մեր նախագահի բոլոր կոչերը հիմնավոր և նաև հետևողական լինեին, որովհետև շատ ելույթներում ճշմարտություններ կան, բայց իրականությունը բոլորովին այլ հունով է ընթանում: Երանի նրա բոլոր կոչերը, հաստատումները հիմնավոր լինեին և համապատասխանեին իրականությանը, ինչը մենք տեսնում ենք այս դեպքում։ Նախագահը գնահատել է մեր կողմից պաշտպանվող թեկնածուի արժանիքները», - նշեց Գալստյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ, օրինակ, Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ից առաջադրվել է Սամվել Ֆարմանյանը և ինքնաառաջադրվել Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը, ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո որոշի ի նշան համերաշխության պաշտպանել ՀՀԿ-ական թեկնածուին, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Մենք փոխադարձաբար սատարելու պայմանավորվածություն նախագահի հետ չունենք։ Բոլոր այն վայրերում, որտեղ ՀՅԴ-ն մեծամասնական թեկնածուներ չունի, մենք թողել ենք, որ դաշնակցականներն իրենց ընտրությունը կատարեն իրենց խղճի մտոք։ Մենք որևէ պայմանավորվածություն չունենք հատուցելու Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը