Հայաստանում խորհրդարանն ունի գրագիտության բարձրացման խնդիր. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
Երեկ Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն էր թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մեծ թվով լրագրողների առաջադրմանը՝ Փաշինյանն ասաց. «Լրագրողների մի մասն առաջադրվել է իմ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ մի ընտրատարածքում, բայց ես լրագրողների՝ խորհրդարանում հայտնվելը դրական կհամարեմ, որովհետև լրագրողները, այնուամենայնիվ, տեսնում են, թե ինչ որակի խորհրդարան ունենք այսօր Հայաստանում: Լրագրողները տեսնում են, որ այսօրվա Հայաստանում խորհրդարանն ունի առաջին հերթին գրագիտության բարձրացման խնդիր: Եվ ես կողջունեմ, եթե ՀՀ խորհրդարանում օլիգարխիային, թաղային հեղինակություններին, բիզնեսմեններին, ովքեր իրավունք չունեն լինել ԱԺ-ում, փոխարինեն քաղաքական գործիչները և լրագրողները: Լրագրողների առաջադրումը ես դրական եմ համարում»:
Փաշինյանը նշեց, որ այն ընտրատարածքներում, որտեղ առաջադրված են ՀԱԿ-ի ներկայացուցիչներ, նա բնականաբար պաշտպանում է իր թիմակիցների թեկնածությունը, բայց մյուս կողմից՝ նա նաև ողջունում է լրագրողների և ընդհանրապես ՀՀ, պայմանական ասած, գրագետ քաղաքացիների ակտիվությունը, թե՛ քաղաքացիական պայքարում, թե՛ քաղաքական պայքարում։ Նա համոզմունք հայտնեց, որ ինչքան գրագետ մարդիկ շատ լինեն խորհրդարանում, կառավարությունում և պետական կառավարման համակարգում, այնքան դրանից կշահի Հայաստանը:
Փաշինյանի կարծիքով լրատվական դաշտը չի տուժի նրանց բացակայությունից, որովհետև դաշտը կբացվի նոր սերդնի, նոր լրագրողների համար, որոնցից շատերը, լրագրողի մասնագիտություն ստանալով, չեն կարողանում պատշաճ աշխատանք գտնել: «Երբ օլիգարխներն են գալիս խորհրդարան, նրանց փոխարեն ձևավորվում են նոր օլիգարխներ՝ ավելի անգրագետ և ավելի բռի, երբ խորհրդարան գան լրագրողները, նրանց փոխարեն կձևավորվեն նոր լրագրողներ, ավելի գրագետ և ավելի պրոֆեսիոնալ», - նշեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը