Սպառնում են, հավաքում անձնագրերը և փորձում ներշնչել, որ այլ ընտրություն չկա. ՀՅԴ ներկայացուցիչ
Հասարակություն
«Մեր ղեկավարած նախարարություններում երբեք չեն ասել՝ սա դաշնակցական է, պետք է նրան նշանակեք, մյուսը դաշնակցական չէ՝ ոչ: Զգո՞ւմ եք տարբերությունն այսօրվա հետ: Նախարարները դարձել են մի քանի տերերի ծառա: Նախարարությունները դարձել են կուսակցական շահերի գործիք»,– այսօր Աշտարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը, և հավելեց, որ կա միայն մեկ ճշմարտություն՝ եթե մի ուժ ունենում է բացարձակ մեծամասնություն, սկսում է կարծել, թե իրեն ամեն ինչ կարելի է: Եվ անում է այն, ինչ ցանկանում է:
«Ինչ որ անում է՝ ինձնից էլ ավելի լավ գիտեք: Սպառնում են, հավաքում անձնագրերը և փորձում ներշնչել, որ այլ ընտրություն չկա: Սխալվում եք՝ կա և այդ ընտրությունը ՀՅԴ-ն է»,- ասաց Վարդանյանը:
«2003–2007–ին աղքատության մակարդակը 30,4%–ից նվազել էր 23%: Իսկ այժմ աղքատությունը, միայն պաշտոնական տվյալներով, 36% է կազմում: Եվ եթե դուք ցանկանում եք, որ վաղը ձեր երեխաները հպարտանան, որ Հայաստանի քաղաքացիներ են, ապա առանց վախի ու վարանելու ձեր քվեն տվեք ՀՅԴ–ին»,-հայտարարեց ՀՅԴ անդամը և հավելեց, որ 2003-ին, երբ ՀՅԴ-ն մտավ կոալիցիայի մեջ, նվազագույն աշխատավարձը 5 հազար դրամ էր կազմում, 2009-ին, երբ դուրս եկավ կոալիցիայից արդեն՝ 30 հազար դրամ:
Ելույթ ունեցավ նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ կուսակցությունն իր ծրագրում հայտարարել է 200 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, և միայն ՀՅԴ–ն է, որ ասում է, թե որ ուղղություններով են պատրաստվում կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Նշենք նաև, որ Աշտարակում կայացած հանրահավաքին ներկա էին նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ–ի դիտորդներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը