ԱՄՆ Սենատը կքվեարկի միլիոնատերերի հարկերն ավելացնելու մասին օրինագիծը
ԱՄՆ
Այսօր ամերիկյան Սենատը պետք է որոշի՝ արդյոք ԱՄՆ քաղաքացիները հարկեր կվճարեն այսպես կոչված «Բաֆետի կանոնով»։ Համապատասխան օրինագիծը, որը պետք է քվեարկության դրվի ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում, նախատեսում է ավելացնել տարեկան մեկ միլիոն դոլարից ավել եկամուտ ունեցող քաղաքացիներից գանձվող հարկերը, հաղորդում է «Վեստի»-ն։
Փաստաթուղթը, որը կրում է Berkshire Hathaway հոլդինգի առաջնորդ, միլիարդատեր Ուորեն Բաֆեթի անունը, հանդիսանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարկային բարեփոխումների ծրագրի բաղկացուցիչը։ Այդ օրինագիծը նախագահական ընտրությունների նախօրեին բանավեճերի առիթ է դարձել։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դեմ են արտահայտվում հարկերի ավելացմանը՝ պնդելով, որ այն կավելացնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը և կկասեցնի նոր աշխատատեղերի ստեղծումը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում «Բաֆեթի կանոնը» դարձել է նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ելույթների հիմնական ասելիքը։ Վերջինս անընդհատ շեշտում է, որ միլիոնատերերը ավելի ցածր հարկեր են վճարում, քան ԱՄՆ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։
Ժամանակին ինքը՝ Ուորեն Բաֆեթը ևս հայտարարել էր, որ անարդար է, երբ քարտուղարուհին տոկոսային հարաբերությամբ պետբյուջե է վճարում ավելի մեծ գումար, քան իր ղեկավարը։ Հատկանշական է, որ միլիարդատիրոջ կարծիքը պաշտպանեցին նաև մի խումբ խոշոր ձեռնարկատերեր։
Օբաման իր նախընտրական ելույթներում ասում է, որ իր առաջարկը հետևյալն է. «Եթե դուք վաստակում եք տարեկան մեկ միլիոն դոլարից ավելի գումար, ապա պետք է հարկերը վճարեք գոնե նույն տոկոսային հարաբերությամբ, ինչ շարքային ամերիկացիները։ Իսկ եթե դուք վաստակում եք տարեկան 250.000 դոլարից պակաս գումար, իսկ նման եկամուտ ունի ամերիկացիների 98 տոկոսը, ապա հարկերը ձեր պարագայում չպետք է ավելանան»։ Այդպիսով, նոր օրինագծի համաձայն, տարեկան մեկ միլիոն դոլարից ավել եկամուտի պարագայում հարկը կկազմի մոտ 30 տոկոս։
Gallup–ի անցկացրած հարցումների համաձայն, նոր օրինագիծը պաշտպանում է ամերիկացիների երկու երրորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)