Ես չեմ կարող մեկնաբանել փողոցում պատահական հանդիպումները. Ալեքսանդր Արզումանյան
Հասարակություն
«Ես չեմ կարող մեկնաբանել փողոցում պատահական հանդիպումները»,– Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով այսօր Քաղաքագետների միությունում տեղի ունեցած միասնական շտաբի քննարկման ժամանակ ՔՄ-ի նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը։
«Ես շտաբից դուրս գալուց՝ գիշերը 11-ին, պատահական հանդիպել եմ պարոն Հովհաննիսյանին։ Մենք միմյանց որպիսիությունն ենք հարցրել, ընդհանուր քաղաքական իրավիճակից ենք խոսել։ Մի տասը րոպե կարծիքներ ենք փոխանակել, որևէ այլ հարց չենք քննարկել։ Ես իրեն ընդամենը հիշեցրել եմ, որ մեր հայտարարության մեջ ամեն ինչ հստակ նշված է։ Եվ վերջ, ավելին մենք չենք քննարկել, եղանակից ենք խոսել։ Ես և պարոն Քոքոբելյանը պարոն Հովհաննիսյանին ասել ենք, որ մեր հայտարարության մեջ մեր մոտեցումը հստակ ամրագրված է, սրանով վերջացել է փողոցում մեր պատահական հանդիպման բարեկամական զրույցը։ Ինքը վերադառնում էր տուն, անցնում էր մեր շտաբի մոտով, մենք էլ էինք վերադառնում տուն, հանդիպեցինք, ընդամենը զրուցել ենք ընդհանուր թեմաներով։ Ես փողոցում ում հետ հանդիպում եմ, նման զրույցներ եմ ունենում։ Օրը 50-60 հոգու հետ»,- ասաց Արզումանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Քաղաքագետների միությունում տեղի ունեցած միասնական շտաբի քննարկման ժամանակ ՔՄ-ի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ երեկ Խաչատուր Քոքոբելյանի և Ալիկ Արզումնայանի հետ հանդիպման ժամանակ վերջիններս ասել են, որ իրենք մասնակցելու են շտաբի աշխատանքներին և նման խոսակցություն չկա, որ իրենք ետ են կանգնում իրենց ստորագրությունից: Ըստ այդմ, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու միասնական շտաբի աշխատանքներին, Հակոբյանի մասնավոր կարծիքն է, իսկ Արզումանյանն ու Քոքոբելյանը պատրաստվում են մասնակցել շտաբի գործունեությանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը