Լևոն Տեր–Պետրոսյանը ելույթ ունեցավ Էջմիածնում
Հասարակություն
Էջմիածնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը իր ելույթը սկսեց «բացատրական աշխատանքներով»։ Նա ներկայացրեց իրենց կարգախոսը և անդրադարձավ ամեն բառին առանձին։
««Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին»։ Ռեժիմը այն իշխանությունն է, որ ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը և կտակել Սերժ Սարգսյանին։ Ո՛չ մի տարբերություն այս երկուսի միջև», – վստահություն հայտնեց նախագահը։
Ռեժիմի հանցավորությանն անդրադառնալով՝ նա առաջին հերթին նշեց, որ ռեժիմը նախ մեղավոր է նրանում, որ Հայաստանի բնակչությունն այս տարիների ընթացքում կրճատվել է մեկ միլիոնով։
«Լքել են ոչ կամավոր, ժողովրդին դրել են այնպիսի պայմանների մեջ, խեղճացրել, խեղդել մանր ու միջին բիզնեսը, գյուղացուն հողազուրկ դարձրել, նրանց անճար են դարձրել, և հիմա այդ մարդիկ թողնում հեռանում են Հայաստանից», – իր ելույթի ընթացքում նշեց նա։
Նախագահը հարց ուղղեց ներկաներին, թե հիմա, ասեք, ի՞նչ տարբերություն նրանց և երիտթուրքերի միջև։
«Միակ տարբերությունն այն է, որ երիտթուրքերը հայերին տեղափոխում էին անապատ, սրանք «արտահանում են» Յակուտիա, Սիբիր, ինչպես ժամանակին՝ Ստալինը»,- ասաց Տեր–Պետրոսյանը՝ հավելելով, որ «Ղարաբաղի բնակչությունը նույնպես այնքան է նվազել, որ դժվար թե կարողանան պաշտպանել իրենց հողը»։
Հանցավորության մեկ այլ վկայությունն էլ, ըստ նրա, այն է, որ ժամանակին 78 հազար զինվոր ունեցող բանակի թվաքանակը կրճատվել է՝ հասնելով 50 հազարի։
«Մյուս հանցանքը. առաջին անգամ ՀՀ իշխանությունները կրակել են իրենց ժողովրդի վրա», – շարունակեց ՀԱԿ առաջնորդը։ Նա թվեց ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ առաջին անգամ այս իշխանությունն է սեփական ժողովրդին գնդակոծել։
Տեր–Պետրոսյանը զարմանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող է այս իշխանությունը ձայն խլել ժողովրդից, երբ շարքային քաղաքացու գրպանում հազար դրամ էլ չկա, իսկ նրանց ունեցվածքը միլիադրների է հասնում։
«Այնքան ունեն, որ չեն էլ կարողանում ծախսել»,- հավելեց նա։
Եզրափակելով ելույթը՝ նախագահն ասաց. «Դրա համար եմ ասում՝ ով նրանց ձայն տվեց, ինքն էլ է հանցավոր դառնում։ Ով ձայն տվեց ՀՀԿ–ին և ՕԵկ–ին, նա դառնում է երկրի կործանման մասնակիցը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը