Գրիշա Սարգսյանը՝ ՊՆ Ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն
Հասարակություն
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊՆ Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանապետի նախկին օգնական Գրիշա Սարգսյանը, ով հանրությանն առավելապես հայտնի է «Ժարիտ Գրիշ» մականունով, դիտվում է իբրև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն։ Լուրեր.com-ը տեղեկությունները ճշտելու նպատակով հեռախոսազրույց ունեցավ Գրիշա Սարգսյանի հետ, ով ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրի ճշմարտացիությունը։
«Ճիշտ է՝ լուրեր շրջանառվում են, եթե այդ լուրերը տարածում են, ուրեմն որոշ դեպքում դրանք իրականությանը համապատասխանում են: Ես նախ չեմ կարող ասել, որ նման լուր չի տարածվել, երկրորդն էլ՝ ես արժանի թեկնածու եմ: Սակայն չգիտեմ՝ ով է տարածել»,– ասաց Սարգսյանը:
Հարցին, թե «նման առաջարկի դեպքում ի՞նչպես կվարվեք» ոստիկանապետի նախկին օգնականը պատասխանեց.
«Ռազմական ոստիկանությունից շատ բան է կախված, դրանից կախված է մեր բանակի անաչառությունը: Սա պատրաստակամություն չի, համենայնդեպս, այս խնդիրը լուծում է հանրապետության նախագահը՝ ոնց ցանկանում է, այդպես էլ պետք է լինի, ո՞ւմ նշանակում է՝ նա էլ պետք է գնա իր պարտականությունների կատարմանը»:
Լուրեր.com–ի լրագրողի այն հարցին, թե «պարոն Սարգսյան դուք մի ամիս առաջ մամուլին տված հարցազրույցում չէիք բացառել, որ կառաջադրվեիք պատգամավորության թեկնածու, ի՞նչն էր պատճառը, որ դա տեղի չունեցավ», Սարգսյանը պատասխանեց.
«Կարող եմ ասել, որ չառաջադրվեցի, որպեսզի հակակշիռ չստեղծեի: Գտնվել եմ Մոսկվայում, քանի որ միջազգային ոստիկանական ասոցիացիայի գագաթնաժողովն էր Մոսկվայում: Այսինքն՝ տեխնիկական պատճառներով չեմ առաջադրվել: Բայց ցավում եմ, որ գտնվել եմ Մոսկվայում, և այդ առաջադրման ժամանակահատվածում ես այստեղ չէի: Ցավում եմ, որ չկարողացա առաջադրվել մեծամասնական ընտրակարգով»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը