Ներկայացվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հիմնական նպատակները
Հասարակություն
Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվեց մամուլի ասուլիս՝ նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:
Ասուլիսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը:
Հ. Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հիմնական նպատակները:
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն «Հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովը» (ապրիլի 20-23-ը), «Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը» (հոկտեմբերի 4-7-ը), «Պարարվեստի օրեր» (հունիսի 25-ից հուլիսի 15-ը) «Երգչախմբային արվեստի օրեր» (հուլիսի 25-ից օգոստոսի 15-ը), անհատ կատարողների ելույթներ (հունիս-հոկտեմբեր), «Դուդուկի համահայկական փառատոն» (սեպտեմբերի 6-18-ը):
Լևոն Անանյանն անդրադարձավ «Հայ գրողների համահայկական 6-րդ համաժողով»-ին՝ նշելով, որ այս տարվա փետրվարին Հայաստանի գրողների միության նախագահության որոշմամբ շուրջ 70 սփյուռքահայ գրող դարձել է Հայաստանի գրողների միության լիիրավ անդամ:
Սամվել Հարոյանը մանրամասներ ներկայացրեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի վերաբերյալ, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 29-ին «Զվարթնոց» տաճարում: Փառատոնին մասնակցելու են Սփյուռքի տարբեր համայնքների պարային համույթներ, երգչախմբեր և անհատ կատարողներ: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում են 50-ից ավելի միջոցառումներ՝ բացօթյա համերգներ Երևանում, մարզերում և ԼՂՀ-ում, համերգներ ՀՀ և ԼՂՀ բազմաթիվ համերգասրահներում, վարպետության դասընթացներ պարուսույցների և խմբավարների համար, ֆլեշմոբեր, կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, ինչպես նաև հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ:
Փառատոնի նպատակն է ակտիվացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, նպաստել հայ մշակույթի և հայ ինքնության պահպանմանն ու զարգացմանը, սատարել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, օժանդակել ժամանակակից հայ արվեստի զարգացմանն ու տարածմանը, հայտնաբերել և համախմբել մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կհոգա մասնակիցների սննդի ծախսերը, անհրաժեշտության դեպքում կտրամադրի հյուրատուն, կվարձակալի համապատասխան դահլիճներ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, կապահովի փոխադրամիջոցով, կիրականացնի միջոցառումների կազմակերպական աշխատանքները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը