ԲՀԿ-ն բնականաբար կոալիցիայից դուրս չի գա, որովհետև այդպես է ցանկանում «Ժառանգություն»–ը. Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
«Ե՛վ նախկինում, և՛ հիմա այն, ինչ անում է «Ժառանգություն»–ը, ես համարում եմ ուլտիմատում», - երեկ Հայկական 2-րդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Ըստ ԱԺ պատգամավորի, եթե կա այնպիսի կարևոր նախաձեռնություն, ինչպիսին որ միասնական շտաբի ձևավորման գաղափարն է, ապա «Ժառանգության» բերած պատճառաբանությունները, վերջնագրերը, նախապայմաններն այն մասին, որ համաձայնագրի տակ ստորագրի ոչ թե Վարդան Օսկանյանը, այլ Գագիկ Ծառուկյանը, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից և այլն, լուրջ չեն և որևէ քաղաքական լուրջ հիմնավորում չեն պարունակում։ Եթե Վարդան Օսկանյանը մասնակցում է այդ նախաձեռնությանը, բնականաբար, նա ունի Գագիկ Ծառուկյանի լիազորությունը՝ մասնակցելու այդ նախաձեռնությանը, և եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, բնականաբար կոալիցիայից դուրս չի գա, որովհետև այդպես է ցանկանում «Ժառանգություն»–ը:
«Ես հակադարձ հարցադրում կարող եմ ուղղել «Ժառանգության»–ը։ Նրանց ներկայացուցիչը շատ ակտիվ մասնակցում է ԱԺ-ում ստեղծված գրեթե նույնաբովանդակ աշխատանքային խմբին, որի ֆունկցիան ընտրական օրենսգրքի կիրառմանը հետևելն է, որպեսզի ընտրախախտումների և այլ օրինազանցությունների դեպքում ահազանգեն։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդքան օբյեկտիվ «Ժառանգություն»–ը չի պահանջում, որպեսզի կոալիցիայից դուրս գա ՀՀԿ-ն կամ ՕԵԿ-ը, ինչո՞ւ այն ֆորմատում նրանք ակտիվ մասնակցում են, իսկ այս ֆորմատում հանկարծ հիշել են, որ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է: Ինչևէ, սա «Ժառանգության» գործն է։ Նրանց քաղաքական վարքագծի գնահատականը ոչ միայն մենք, այլև ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն տվել են, և տված գնահատականը մնում է ուժի մեջ: Ֆորմատն աշխատելու է, ֆորմատը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, այդ թվում նաև «Ժառանգության» համար: Եթե նրանք վեր կկանգնեն իրենց նախապայմաններից, եթե նրանք կհասկանան, որ կա շատ ավելի կարևոր նախաձեռնություն, որը չարժե տապալել ինչ-ինչ ուլտիմատումներով, ինչ-ինչ նախապայմաններով՝ մենք պատրաստ ենք նրանց հետ ևս աշխատել և համագործակցել ցանկացած ֆորմատում», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով «Ժառանգության» այն հայտարարություններին, որ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև կա ստվերային համաձայնություն, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «ԲՀԿ-ի քաղաքական վարքագծին ծանոթ ցանկացած մեկի համար պետք է պարզ լիներ, որ ԲՀԿ-ն երբեք, որևէ ստվերային համագործակցություններ չի կնքում: Մեր ցանկացած համագործակցություն, եթե կա այդպիսին, բաց է, տեսանելի բոլորի համար: Որևէ քաղաքական ուժի հետ ԲՀԿ-ն ստվերային, կուլիսային համաձայնություն չունի: Մեր միակ համագործակցությունն ուժերի հետ մեկն է՝ վերահսկել ընտրությունների ազատ և արդար ընթացքը, իսկ այն, ինչը շրջանառության մեջ են դնում «Ժառանգության» ներկայացուցիչները, ուղղակի իրենց դեմքը փրկելու փորձ է, այս կարևոր նախաձեռնության ճանապարհի կեսից հետ կանգնելու արդարացումներ են»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը