Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գրողների համահայկական 6-րդ համաժողովին
Հասարակություն
Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը մասնակցեց Գրողների համահայկական վեցերորդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում համաժողովի մասնակիցներին փոխանցեց Վեհափառ Հայրապետի ուղերձը:
Հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Գրողների համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան մասնակիցներիդ:
Այս տարի, երբ նշվում է հայ գրատպության 500-ամյակը, և քաղաքամայր Երևանը հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, խորհրդանշական է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողներիդ համախմբումը Հայրենիքում' քննարկելու հայ գրականության անդաստանում առկա խնդիրները և գրական գործունեությունը առավել արդյունավորելու ծրագրերը: Համաժողովի հրավիրումը նաև բարեպատեհ առիթ է սերտացնելու հաղորդակցությունն ու գործակցությունը միմյանց հետ և ամրապնդելու ոգին' ստեղծագործական ուղիով նպաստելու ազգային մեր կյանքի շենացմանը:
Յուրաքանչյուր ազգի կյանքում մեծապես կարևոր է գրողի առաքելությունը, որի հիմնական նպատակն է գրական ստեղծագործություններով ներկայացնել կյանքի ճշմարիտ արժեքը, մարդկային հույզերի ու երազանքների վսեմ դրսևորումները' ընթերցողներին բերելով քաջալերությունը դժվարությունների դիմագրավման և բարօր ու լուսավոր ապագայի կերտման: Գրողը իր վեհ գաղափարներով առաջնորդող է դառնում հասարակության, ձևավորում ներաշխարհ ու համընդհանուր մտածողություն, լինում անհատի ու իրականության բարեփոխման ներշնչող օրինակ: Գրքերն արժեքավոր են, երբ զորություն են տալիս արդարության, ճշմարտության, առաքինության, ազնվության, սիրո ձգտումներին' մտքի կենսագործող հատկությամբ դառնալով ոգեշնչման աղբյուր, կատարելության մղող ազդակ: Մտքի կենարար ուժն է շեշտում նաև Աստվածաշունչը' ասելով. «Աղբիւր կենաց են միտք, որոց ունիցին զնա» (Առակ. 16.26): Այս գիտակցությամբ և նախանձախնդրությամբ են մեր երախտարժան գրական գործիչները արդյունազարդել իրենց առաքելությունը, որը նոր ուժականություն ստացավ հինգ հարյուրամյակներ առաջ հայ գրատպության սկզբնավորումով: Այսօր դուք' գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները' արարելով բեղուն նոր արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը և մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգաշեն գործերի:
Սիրելիներ, Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում համաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ և մաղթում, որ ձեր գրական ստեղծագործությունները արժանի տեղ գրավեն մեր դասական հեղինակների գործերի ընտրանիում:
Աղոթում ենք, որ Աստված օրհնի մեր ժողովրդի կյանքը և մշակույթի ու գրականության նվիրյալների ջանքերը' ի սեր մեր լուսավոր գալիքի:
Աճեցէ´ք շնորհօք եւ գիտութեամբն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Նմա փա´ռք' եւ այժմ եւ յօրն յաւիտենից. ամէն (Բ Պետ. 3.18)»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը