Ոչ մի տրակտոր, գյուղտեխնիկա որեւէ անձի, համայնքի, գյուղի կամ մարզի չի նվիրվում. ԲՀԿ
Հասարակություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մամուլում տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Հաշվի առնելով այս օրերին մամուլի տարբեր միջոցներով, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվող թեման, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զբաղված է բարեգործությամբ եւ հանրապետության մարզերին գյուղտեխնիկա է նվիրում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հարկ է համարում հանդես գալ հետեւյալ պարզաբանմամբ:
Հաշվի առնելով Հայաստանի գյուղացիական տնտեսություններում մեքենատրակտորային կայանների ստեղծման անհրաժեշտությունը՝ ՉինՎան ՍՊԸ-ի եւ Մուլտի Գրուպ կոնցեռնի կողմից 2011 թվականի հունվարից սկսել է իրականացվել մեքենատրակտորային պարկեր ստեղծելու համատեղ բիզնես ծրագիրը: Սույն ծրագրի կառավարումն իրականացվում է ՉինՎան ՍՊԸ-ի կողմից, որը ղեկավարում է ՉինՎան ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Նաջարյանը:
Աշխատանքները սկսվել են 2011 թվականի հունվարից եւ նպատակն է հանրապետության բոլոր մարզերում ստեղծել միջհամայնքային մեքենատրակտորային կայաններ: Հաշվի առնելով տեղանքի գոտիականությունը (հարթավայրային, նախալեռնային, լեռնային) եւ մշակութաբույսերի բազմազանությունը՝ կայանները համալրվում են տվյալ գոտուն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Հանրապետության մարզերում ստեղծվող մեքենատրակտորային կայանները հանդիսանում են ՉինՎան ՍՊԸ-ի մասնաճյուղերը: Վերոնշյալ կայանների կողմից իրականացվող ծառայությունները վճարովի են՝ համապատասխան սակագներով:
Ոչ մի տրակտոր, գյուղտեխնիկա որեւէ անձի, համայնքի, գյուղի կամ մարզի չի նվիրվում:
Եւս մեկ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ բարեգործական ծրագիր չի իրականացրել եւ չի իրականացնում: Հույս ունենք, որ սույն պարզաբանումը կբավարարի այս խնդիրը շահարկողներին եւ վերջիններս այսուհետ ձեռնպահ կմնան փաստերի ակնհայտ խեղաթյուրումից»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը