Մենք ցանկանում ենք, որ այս ընտրությունները վստահություն բերեն մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Այսօր ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Ալավերդիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ խոսել է արդյունաբերական ոլորտին վերաբերվող խնդիրներից և շեշտել, որ տնտեսական ոլորտում բարեփոխումները նշանակում են տնտեսական զարգացման հերթական աստիճանի նվաճում։ Տնտեսության զարգացման հետ մեկտեղ պետք է օգտագործվի բնության պահպանման եվրոպական լավագույն փորձը՝ օդի և ջրի մաքրության, կանաչ տարածքների պահպանման հարցում։ «Սա չի նշանակում, որ մենք խոչընդոտելու ենք հանքարդյունաբերության զարգացմանը»,-ասել է ՀՀ նախագահը։
«Մեզ կարող են հարցնել. «Ինչո՞ւ հիմա, եթե անում էիք, մինչեւ հիմա անեիք»: Կարող ենք պատասխանել՝ արել ենք, եւ հիմա էլ անում ենք: Կան բաներ, որոնք անհնար էին երեկ, բայց հնարավոր են այսօր: Մեր նպատակն է բարձրացնել կենսամակարդակը: Այդ խնդիրն իր մեջ ներառելու է ամեն ինչ. օգնելու ենք ե՛ւ հողագործին, ե՛ւ անասնապահին, ե՛ւ վերամշակողին: Աջակցելու ենք ե՛ւ աշակերտին, ե՛ւ ուսուցչին, ե՛ւ երիտասարդ ընտանիքին, ե՛ւ բժշկին, ե՛ւ հիվանդին, ե՛ւ աշխատողին, ե՛ւ անաշխատունակին: Քաղաք առ քաղաք, համայնք առ համայնք: Համայնքների միջեւ էլ մեծ գործ ունենք անելու. ճանապարհներ, սողանքապաշտպան միջոցառումներ, տրանսպորտ: Այս բոլորը մի բանի համար է. պիտի ավելի լավ ապրենք մեր վաստակով, մեր կազմակերպվածությամբ, բացառենք կիսատ-պռատությունը», - ասել է Սարգսյանը Օձուն գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ցանկանում ենք, որ այս ընտրությունները վստահություն բերեն մեր ժողովրդին, ապա նաեւ՝ մեր գործընկերներին, որովհետեւ այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունները կարող են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան իշխանությունները, որոնք չունեն ժողովրդի սատարումը»,– շեշտել է ՀՀԿ նախագահը և ավելացրել, որ ցանկանում է՝ իր կուսակցությունն ստանա բավարար թվով քվեներ, բայց որպես երկրի նախագահ, որպես Հայաստանի քաղաքացի, իր նպատակն է անցկացնել պատշաճ ընտրություններ, որոնցից կշահի երկիրը, նրա քաղաքացիները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը