Սուրճի գաղտնիքը
Հասարակություն
Շատերի համար դժվար է պատկերացնել օրը առանց մեկ բաժակ տաք սուրճի։ Սուրճը պատրաստվում է «կոֆֆեա» բույսի՝ սրճենու բոված սերմերից: Ի շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն:
Սուրճի մասին կարծիքներն ու տեսակետները շատ հակասական են եղել: Սուրճի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ստուգելու համար, առ այսօր, իրականացվել են ավելի քան 19 հազար տարաբնույթ հետազոտություններ: Պարզվել է, որ մարդկանց մեծամասնության մոտ կոֆեինի ազդեցությամբ ներքին ժամանակի ընթացքն արագանում է: Իսկ այն մարդկանց մոտ, որոնք առանց սուրճի էլ ակտիվ և առույգ են, սուրճի օգտագործումը հանգեցրել է ներքին ժամանակի ընթացքի կտրուկ արագացման, նրանց գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել քնելուց առաջ սուրճ խմելուց:
Գիտնականները նաև բացահայտել են, որ կանայք ավելի զգայուն են կոֆեինի նկատմամբ, քան՝ տղամարդիկ: Պատճառն, ըստ նրանց, կանացի հորմոնների ազդեցությամբ օրգաններում կոֆեինի ավելի արագ տարածումն է:
Պարզվում է նաև, որ «սուրճի ընդմիջումը» աշխատանքային ժամերին բացասաբար է անդրադառնում աշխատողների, հատկապես՝ տղամարդկանց աշխատունակության վրա: Մասնավորապես, անձնական խնդիրներ ունեցող տղամարդկանց համար ավանդական սուրճի ընդմիջումը աշխատանքային օրվա ընթացքում կարող է խորացնել արդեն իսկ առկա սթրեսը:
Այս ըմպելիքի համար ողջ աշխարհում օգտագործվող «сoffee» բառը կապվում է Եթովպիայի Քաֆֆա ծայրամասի հետ, որտեղ ըստ ավանդության՝ առաջին անգամ մի հովիվ, իսկ հետո տեղի մենաստանի վանահայրն գնահատել են սուրճի որակները։ Ինչ վերաբերում է հայերիս՝ ապա մենք աշխարհում, թերևս միակն ենք, որ այն անվանում ենք ոչ թե «сoffee»–ի որևէ հնչյունափոխված տարբերակ, այլ դրա համար օգտագործում ենք «սուրճ» բառը։ Ասում են՝ այս բառն իտալական փոխառություն է հայերենում։
Նշենք նաև , որ 1777–ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ էր արձակել, ըստ որի հասարակ մարդկանց արգելում էր սուրճ խմել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ «kaffee schnuflers»՝ սուրճի լրտեսներ։ Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ՝ «Կիկին-դե-Կեկ» թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։
Սուրճի սիրահար է եղել Յոհան Սեբաստիան Բախը, ով սուրճին նվիրված հատուկ ստեղծագործություն է գրել՝ «Սուրճի կանտատան»: Իր ստեղծագործության մեջ գովաբանվում է սուրճը՝ «ավելի դուրեկան, քան համբույրը և ավելի հաճելի, քան մուշկը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը